Վաղարշապատում կնոջ դեմքին ծծմբական թթու լցնելու փորձի համար մեղադրվող 3 անձանցից մեկի մասով գործն ուղարկվել է դատարան
15:44 - 27 հունվարի, 2023

Վաղարշապատում կնոջ դեմքին ծծմբական թթու լցնելու փորձի համար մեղադրվող 3 անձանցից մեկի մասով գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել են 32-ամյա տղամարդու կողմից Էջմիածին քաղաքի 41-ամյա բնակչուհու դեմքին ծծմբաթթու լցնելու փորձի դեպքի վերաբերյալ հանգամանքները:

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից տեղեկանում է, որ Շիրակի մարզի բնակիչ 32-ամյա տղամարդը պատվեր է ստացել Վաղարշապատ քաղաքի 42-ամյա բնակչից՝ նույն քաղաքի 43–ամյա բնակչի կազմակերպմամբ՝ գումարի դիմաց ծծմբական թթու լցնելու եղանակով այլանդակել վերջինիս կնոջ՝ նույն քաղաքի 41-ամյա բնակչուհու դեմքը: Պատվերը կատարելու նպատակով՝ 32-ամյա տղամարդը 2022 թ. հոկտեմբեր ամսին, նախապես իր հետ վերցնելով ծծմբական թթու լցրած ներարկիչը, մի քանի անգամ գնացել է 41-ամյա կնոջ բնակության վայր, հանցավոր արարքն իրագործել չի կարողացել՝ մի դեպքում կնոջ՝ տանը չլինելու պատճառով, իսկ մյուս դեպքում՝ քանի որ ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից: Անձնական խուզարկությամբ՝ տղամարդու մոտ հայտնաբերվել է նախապես լուծույթով լցված ներարկիչը:

Վարույթից՝ 41-ամյա բնակչուհու դեմքին ծծմբաթթու լցնելու փորձի վերաբերյալ անջատված մասով 32-ամյա տղամարդուն վերջնական մեղադրանք է ներկայացվել կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 43-166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ և 9-րդ կետերով:

Միջնորդություն է հարուցվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան 32-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց կալանք ընտրելու մասին, որը բավարարվել է:

Այդ մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Նախաքննության փուլում գտնվող քրեական վարույթի մյուս մասի շրջանակներում վարութային և ապացուցողական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։

Վաղարշապատ քաղաքի 42-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել մերձավոր ազգական հանդիսացող կնոջը ծանր մարմնական վնասվածք հասցնելու փորձի կազմակերպման և միջնորդության համար, իսկ 43-ամյա բնակչին՝ այդ հանցավոր արարքի կատարումը պատվիրելու համար։ Նա մեղադրվում է նաև խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության համար։

Ընդ որում՝ վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նշված երկու անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որոնք մերժվել են, ինչից հետո 43-ամյա բնակիչը կատարել է առերևույթ ևս մեկ հանցավոր արարք։

Նշված քրեական վարույթին միացված այլ վարույթներով քննության առարկա են նաև մի քանի այլ հանցագործությունների՝  ավտոմեքենայի հրկիզման փորձ կատարելու, խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության և իրացման, Վաղարշապատի մթերային խանութներից մեկից մի քանի տուփ ծխախոտի հափշտակության դեպքեր։

Այս մասով նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել