armenpress.am: Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան աբեղա Գոգչյանը մանրամասներ է հայտնել Երուսաղեմում ծայրահեղականների կողմից հայկական ռեստորանի վրա հարձակման դեպքի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում լուրեր, ինչպես նաև տեսանյութեր էին տարածվում Երուսաղեմում հայկական Taboon Wine Bar ռեստորանում տեղի ունեցած դեպքից։
Աղան աբեղա Գոգչյանը պատմել է, որ հրեա ծայրահեղականները փորձել են գնալ «Լացի պատ»-ի մոտ, երբ հիմնական ճանապարհով չի ստացվել, անցել են այն ճանապարհով, որտեղ գտնվում է հայկական ռեստորանը:
«Այդ պահին ռեստորանում նստած են եղել հայեր, արաբներ, նաև հրեաներ: Ծայրահեղականները ռեստորանների աշխատակիցներին հրահրիչ խոսքեր են ասել, վանկարկել են «մահ քրիստոնյաներին», «մահ արաբներին» և նմանատիպ սադրիչ արտահայտություններ են թույլ տվել, ինչից հետո էլ խնդիրը ծագել է: Այդ հրահրիչ խոսքերից հետո սկսել են միմյանց վրա աթոռներ նետել, ռեստորանում նստած մարդիկ առանց վճարելու հեռացել են, սակայն հետո զանգել են ռեստորանի սեփականատեր Միհրան Գրիգորյանին, աջակցություն են հայտնել նրան և խոստացել են վերադառնալ ու վճարել»,- մանրամասնել է նա:
Աղան աբեղա Գոգչյանը նաև նշել է, որ Երուսաղեմի քրիստոնեական համայնքները որոշել են միջադեպի վայրում բողոքի ակցիա անցկացնել և այդպիսով իրենց աջակցությունը հայտնել ռեստորանատիրոջը:
Նա նաև հայտնել է, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան, պարզապես ծայրահեղականների հրահրիչ խոսքերից հետո սկսել են միմյանց վրա աթոռներ նետել:
comment.count (0)