Միջամտություն խոսքի ազատությանը. ֆեյսբուքյան օգտատեր Գարեգին Միսկարյանի գնահատականը ԱԱԾ «հերքման առաջարկին» |hetq.am|
09:50 - 02 մայիսի, 2019

Միջամտություն խոսքի ազատությանը. ֆեյսբուքյան օգտատեր Գարեգին Միսկարյանի գնահատականը ԱԱԾ «հերքման առաջարկին» |hetq.am|

hetq.am։ Ապրիլի 25-ին քաղաքացի Գարեգին Միսկարյանը փոստով նամակ է ստանում Ազգային անվտանգության ծառայությունից, որով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ Վահե Ենգիբարյանն առաջարկում է հերքել իր ֆեյսբուքյան գրառումներից մեկը:

Ըստ Ենգիբարյանի` «հոդվածում տպագրված տեղեկություններն ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը եւ պարունակում են զրպարտչական բնույթի տեղեկատվություն»: ԱԱԾ տնօրենի ներկայացուցիչը եւս մեկ առաջարկ է անում Գարեգինին` որպես բարի կամքի դրսեւորում իր գրառումը հերքել եռօրյա ժամկետում:

«Առաջին միտքը, որ ունեցա նամակն ընթերցելիս, այն էր, որ սա չար կատակ է։ Դա պրոֆեսիոնալ իրավաբանի ձեւակերպում չէր։ Վաղը պատրաստվում եմ գրավոր դիմել ԱԱԾ եւ խնդրել, որ կամ հերքեն, որ դա իրենց նամակն է եւ փորձենք գտնել հեղինակին, կամ հաստատեն եւ հավաստիացնեն, որ Վահե Ենգիբարյանն իրենց լիազոր ներկայացուցիչն է։

Լիազորագիրը պիտի պահանջեմ»,- երեկ` մայիսի 1-ին մեզ ասաց Գարեգին Միսկարյանը։
Բայց մինչ Գարեգինը մտածում էր, թե ով է չար կատակ խաղացել ԱԱԾ-ի անունից եւ պատրաստում էր իր դիմումը, ԱԱԾ տնօրենի ներկայացուցիչ Վահե Ենգիբարյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ նամակի հեղինակն ինքն է եւ ԱԱԾ աշխատակից է:

Չնայած Վահե Ենգիբարյանի ձեւակերպումները իրավական տեսանկյունից տարօրինակ են Միսկարյանի համար, նա բարի կամք է դրսեւորել եւ իր էջում հերքում է հրապարակել: Հեգնանք էր դա, թե լուրջ հերքում հարցին պատասխանում է. «Ես լուրջ էի հերքել, եւ ցավով, որովհետեւ ինչ մեկնաբանել եմ հերքումից հետո, ինձ համար խնդրահարույց է: Ինչո՞ւ է մեր ԱԱԾ-ն իրավաբանական առումով այդ մակարդակի վրա, երկրորդը՝ ինչո՞ւ է ԱԱԾ-ն միջամտում քաղաքացիաիրավական հարաբերություններին։

Եթե այդ նամակը լիներ պրն Վանեցյանից կամ նրա հասցեից, ես դա կհասկանայի, բայց ԱԱԾ-ից ստանալ նամակ քաղաքացու հետ կապված, տարօրինակ է։ Նամակում նշված չէ, որ ԱԱԾ պետ Վանեցյանին է վերաբերում այս ամենը, չնայած հասկանալի է։ Բայց ինձ թվում է, որ սա քաղաքացիաիրավական հարաբերություններով կարգավորվող հարց է»:

Միսկարյանը իր հետ տեղի ունեցածը համարում է վատ նախադեպ եւ միջամտություն խոսքի ազատությանը: Ասում է`եթե պրն Վանեցյանը զրպարտություն է տեսել իր գրառման մեջ, ապա պետք է գնար քաղաքացիական դատարան։ Կամ եթե նամակ էր ուղարկում, ապա ոչ ԱԱԾ բլանկով եւ ԱԱԾ-ի անունից, այլ` որպես քաղաքացին քաղաքացուն։ «Եթե, օրինակ, նրա փոխարեն լիներ Սուրեն Պապիկյանը, նամակը հո չէր գալու Տարածքային կառավարման նախարարությունից»,- հարցնում է Միսկարյանը։

Գարեգինը կարծում է, որ ԱԱԾ-ի այս գործելակերպը կարող է կապված լինել թե’ Վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի մասին իր գրառման հետ, թե’ քաղաքական ենթատեքստ ունենալ, քանի որ նամակում նշվել էր, որ Միսկարյանը «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ է:

«Թե ինչու, դա էլ չհասկացա՝ ի՞նչ կապ ուներ իմ գրառումը կուսակցական պատկանելությանս հետ։ Մի շարք այլ հանգամանքներ էլ կան։ Բայց ես հակված եմ սա կապել իրենց ոչ պրոֆեսիոնալիզմի հետ։

Նույնիսկ ինչ-որ տեղ լավատես եմ, կարծում եմ՝ իրենց կողմից սա փորձ է պետական պաշտոնյա-քաղաքացի հարաբերությունը տանել իրավական հարթություն, ոչ թե նախկինի պես զանգերով-վախեցնելով, այլ տանել իրավական դաշտ։ Բայց նման պարզունակ ձեւով, սխալներով ու վրիպակներով, անգրագետ իրավական ձեւակերպումներով՝ աբսուրդ է»,- ասում է պրն Միսկարյանը։

Այն, որ Արթուր Վանեցյանի ընտանիքը ծաղկի եւ վառելանյութի բիզնեսում է ներգրավված, ստուգված եւ չհերքված փաստ է, սակայն Գարեգինի գրառման մեջ նշված էր, որ «ջերմոցների անվան տակ ժամանակին պարսկական (եվրո 4, ԵՏՄ-ի օրենքով արգելված) դիզելը վառարանի վառելանյութի (печное топливо) անվան տակ մաքսազերծում ու վաճառում էին»:

Իր հերքումը Գարեգինը բացատրում է հետեւյալ կերպ. «Անկեղծ ասած՝ այստեղ կա Վանեցյան քաղաքացու եւ Վանեցյան պաշտոնյայի հանգամանքը։ Ես կիսել եմ Վանեցյան քաղաքացու մտահոգությունը։ Ինձ դրել եմ նրա փոխարեն։ Վառարանային վառելիքի անվան տակ դիզվառելիք ներկրելու մասին տեղեկությունը լսել եմ երկու տարի առաջ, երբ տեղեկություններ էինք հավաքում տարբեր պաշտոնյաների մասին այն համատեքստում, որ բիզնեսը պետք է տարանջատվի քաղաքականությունից։ Եվ իմ հերքումը միայն այդ մասով էր։ Ու երբ որպես քաղաքացի հերքեցի, իմ մտահոգությունները ԱԱԾ-ի հետ կապված շարադրեցի, որպեսզի իրենք աշխատեն իրենց իրավաբանների վրա հետագայում»։

Այս պատմության մեջ հետաքրքիր է նաեւ այն հանգամանքը, որ թեեւ «Զանգավածային լրատվության մասին» ՀՀ օրենքը չի տարածվում սոցիալական ցանցերի եւ դրանց օգտատերերի վրա, ԱԱԾ-ն Գարեգինի ֆեյսբուքյան գրառումը համարել է հոդված, եւ գիտակցելով, որ քաղաքացին զանգվածային լրատվություն իրականացնող չի, այնուամենայնիվ, առաջարկել է բարի կամք դրսեւորել եւ հերքում հրապարակել: Հակառակ դեպքում էլ հավաստիացրել, որ դիմելու է իրավունքի պաշտպանության մյուս մեթոդներին, որն օրենքով դատարանն է:

Գարեգին Միսկարյանը տարօրինակ չի համարում, որ ինքը` որպես ֆեյսբուքյան օգտատեր, հավասարեցվել է ԶԼՄ-ին: Ասում է, որ Ֆեյսբուքը հանրային հարթակ է՝ անկախ նրանից` կորակվի՞ ԶԼՄ, թե նոր անուն կտրվի։ Այդտեղ կա սոցիում, որը վիրտուալ շփման մեջ է, տեղեկատվություն է փոխանցվում։ Նույն հարթակի միջոցով պետական մարմիններին քաղաքացիները տեղեկություններ են փոխանցում, գործողության կոչեր անում եւ այլն։

«Այս հարթակում արտահայտած կարծիքներն ու դիրքորոշումները հանրային են, միանշանակ։ Այո, Ֆեյսբուքը կարգավորման պետք է ենթարկվի, բայց ոչ վերահսկման։ Դրանք տարբեր բաներ են։ Եթե կարելի է զրպարտության մեղադրանք ներկայացնել հազար հոգու ներկայությամբ հրապարակային հնչեցրած կարծիքի կամ տեղեկության համար, ապա նույնը կարելի է Ֆեյսբուքում հրապարակած տեղեկատվության համար անել։ Բայց թե ինչպես սա պետք է կարգավորվի, դժվարանում եմ ասել, որովհետեւ ռիսկ կա, որ դրա անվան տակ սպառնալիք կարող է ստեղծվել խոսքի ազատության համար»։

Ավելին՝ hetq.am-ում

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել