ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը փետրվարի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ։
«Ներքին գործերի նախարարը, բարձր գնահատելով Չեխիայի դեսպանության հետ ձևավորված վաղեմի և արդյունավետ համագործակցությունը, հատկապես շեշտել է համագործակցությունը կրթական ոլորտում, ինչի շնորհիվ կազմակերպվել են փոխայցելություններ երկու երկրների ուսումնական հաստատություններ։
Վահե Ղազարյանը կարևորել է նաև 2022 թվականին Հայաստանի ոստիկանության ներքին անվտանգության վարչության և Չեխիայի անվտանգության ուժերի գլխավոր տեսչության միջև Երևանում ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, որով պայմաններ են ստեղծվել ներքին անվտանգության բնագավառում մասնագիտական սերտ կապերի համար։
Արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, փոխադարձ շնորհավորել է Վահե Ղազարյանին՝ ՀՀ ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
comment.count (0)