«Ո՞նց եղավ, որ երեխեքը վառվեցին, հատակը չվառվեց, ես իմ երեխուն արտաշիրիմում եմ անելու». մահացած զինվորի պապիկ
 |news.am|
09:56 - 20 փետրվարի, 2023

«Ո՞նց եղավ, որ երեխեքը վառվեցին, հատակը չվառվեց, ես իմ երեխուն արտաշիրիմում եմ անելու». մահացած զինվորի պապիկ |news.am|

news.am: Հունվարի 19-ին Ազատ գյուղի զորամասի կացարանի հրդեհից մահացած զինվորների հարազատները ակցիա էին իրականացնում ՊՆ շենքի դիմաց։

«Մենք եկել ենք նախարարությունից պահանջում ենք, որ արձագանք տան, քննությունների վերաբերյալ, որովհետեւ մեկ ամիս անցել է, ոչ մի տեղեկություն, ոչ մի հանդիպում չեն անում»,- այսօր՝ փետրվարի 20-ին, ՊՆ-ի շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց հունվարի 19-ին Ազատ գյուղի զորամասի կացարանի հրդեհից մահացած զինվորներից Արտյոմ Գրիգորյանի պապը:

«Մենք շատ վարկածներ ունենք, ունենք վարկած, թե ինչու են երեխաները այդ անբարենպաստ պայմաններում ծառայել, ինչու են երեխեքին, որ մահացած են եղել ու իրենք վառել են, կա՞ արդյոք հետազոտություն, նկարահանված մի պահ, որ երեխեքին դուրս են հանել:

Ինչի համար են երեխեքը մահացել: Մենք գնացել ենք ծնողներով նայել ենք, ազատ գյուղում կացարենը, մաքրել ենք, գտել ենք մի քանի տեսակի իրեր, որոնք իրենք չեն հանել: Ամեն մի իրը կարող էր մի բան նշանակել ու մի բացահայտում լինել: Հատակը չի վառվել: Ո՞նց եղավ, որ երեխաները վառվեցին, հատակը չվառվեց:

Ես արդեն գիտեմ, որ ուզում են կոծկել, ես արդեն ասել եմ, որ իմ երեխու գերեզմանը չբետոնապատեն, որովհետեւես պետք է արտաշիրիմում անեմ, սրանց վրա հույս դնել չկա»,-ասաց նա:

Նա նաև նշեց․ «Ես էլի եմ պնդում, բոլորս էլ ենք պնդում՝ սա եղել է տեռոր, սա կարող է Ադրբեջանն է արել, կամ էլ չէ իրենք են արել՝ նախարարի և վարչապետի գլխավորությամբ։ Սա քաղաքական չէ, հանկարծ չխառնեն՝ քաղաքական ա, էս է։ Ես պահանջում եմ նախարարությունից՝ ոնց իմ երեխուն տարել է, էդ ձևի էլ պետք է տա, կամ իրենք պետք է մոխրանան։ Կամ պաշտպանության նախարարը ինչու հրաժարական չի տալիս»։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3-ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ)։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել