Նարեկ Սարգսյանին պատկանող մի շարք գույքերի բռնագանձման պահանջ է ներկայացվել
 |hetq.am|
16:16 - 23 փետրվարի, 2023

Նարեկ Սարգսյանին պատկանող մի շարք գույքերի բռնագանձման պահանջ է ներկայացվել |hetq.am|

hetq.am: Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ փետրվարի 23-ին, շարունակվում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի և նրա կնոջ դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։

Նիստը նախագահում էր դատավոր Աշխեն Ղարսլյանը, դատախազության ներկայացուցիչը Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ, դատախազ Տիգրան Ենոքյանն էր։ Պատասխանող կողմից դահլիճում էր Նարեկ Սարգսյանի կնոջ՝ Աննա Նիկոյանի ներկայացուցիչը՝ փաստաբան Վահագն Գրիգորյանը։ Նարեկ Սարգսյանը ներկայացուցիչ չունի, ինքն էլ չէր եկել նիստին։

Դատախազ Տիգրան Ենոքյանը միջնորդեց թույլատրել հայցի առարկայի փոփոխությունը և ընթերցեց խնդրամասը։

  • Նարեկ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել Կոտայքի մարզի Արզական գյուղում գտնվող բնակելի տունը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 55 մլն 125 հազար դրամը։
  • Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում գտնվող 25 հա հողամասը, անհնարինության դեպքում՝ բռնագանձել միջին շուկայական արժեքը՝ 24 մլն դրամ։
  • Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում գտնվող հողամասը, անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 6 մլն 600 հազար դրամը։ 
  • Երևանի Աջափնյակ համայնքի Ֆուչիկի փողոցի թիվ 10/2 հասցեի հողամասը, անհնարինության դեպքում՝ բռնագանձել միջին շուկայական արժեքը՝ 70 մլն 900 հազար դրամ։
  • Երևանի Աջափնյակ համայնքի Ֆուչիկի փողոցի թիվ 10/1 հասցեի հողամասը, անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 127 մլն 800 հազար դրամ։
  • Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց 20 նկուղային հարկ տարածքի կեսը, անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 10 մլն 125 հազար դրամը։
  • Արմավիրի մարզի Մերձավան համայնքում գտնվող հողամասը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել միջին շուկայական արժեքը՝ 3 մլն 650 հազար դրամ։
  • Nissan antima մակնիշի ավտոմեքենան, անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 2 մլն 400 հազար դրամ։
  • «Նետրինո» ՓԲԸ-ում Նարեկ Սարգսյանի ունեցած մասնակցությունն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել միջին շուկայական արժեքը՝ 33 մլն 58 հազար 938 դրամ։
  • «Մեգատոն» ՓԲԸ-ում Նարեկ Սարգսյանի ունեցած 20 բաժնետոմսը, անհնարինության դեպքում՝ շուկայական արժեքը՝ 10 մլն 669 հազար 536 դրամ։
  • Բռնագանձել «Մինի Մայա» ՍՊԸ ընկերությանը տրամադրված փոխառությունից ծագող պահանջի իրավունքը՝ 3 մլն 835 հազար 297 դրամի չափով։
  • Նարեկ Սարգսյանից և Աննա Նիկոյանից հօգուտ ՀՀ-ի, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել Երևանի Բուզանդի փողոցում գտնվող տարածքը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 302 մլն 150 հազար դրամ։
  • 2021թ․ հունվարի 1-ից մինչև վճռի փաստացի կատարումը Երևանի Բուզանդի փողոց 3 շենք թիվ 27 տարածքի համար «Վանիթար» ՍՊԸ ընկերության հետ կնքված վարձակալությունից ստացված գումարները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ՝ ամսական 2 մլն 200 հազար դրամ՝ ըստ պայմանագրի։
  • «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ ընկերության հաշվին առկա 1 մլն 489 հազար 185 ԱՄՆ դոլար ավանդը։
  • 2021թ․ ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հաշվեհամարին առկա նշված 1 մլն 489 հազար 185 ԱՄՆ դոլար գումարի չափով ավանդի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ։
  • «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի մեկ այլ հաշվին առկա 987 հազար 661 ԱՄՆ դոլար ավանդը։ 
  • 2021թ․ ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հաշվեհամարին առկա նշված 987 հազար 661 ԱՄՆ դոլար գումարի չափով ավանդի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ։ 
  • «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի մեկ այլ հաշվին այդ ավանդից ստացված տոկոսներից 33 մլն 742 հազար 695 դրամ։ 
  • 2021թ․ ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հաշվեհամարին առկա նշված 33 մլն 742 հազար 695 դրամի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ։ 
  • «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հաշվին առկա ավանդից ստացված տոկոսներից 319 հազար 55 ԱՄՆ դոլարը։
  • 2021թ․ ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի նշված հաշվին առկա 319 հազար 55 ԱՄՆ դոլարի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ։ 
  • Բացի այդ՝ Նարեկ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 488 մլն 890 հազար 258 դրամ, 654 հազար 86 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և 142 հազար 381 եվրոյին համարժեք դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ։ 
  • 42 մլն 859 հազար 690 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով․ ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ ուսումնասիրության ամբողջ ժամանակահատվածում՝ 2004-2020 թվականների ընթացքում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել, առանձնացնել և բռնագանձել։

Փաստաբան Վահագն Գրիգորյանն առարկեց միջնորդության դեմ։ Նա առանձնացրեց 3 հիմնական կետ, որ դատախազությունն ավելացրել է սկզբնական հայցադիմումին։ Ըստ նրա՝ հայցի առարկայի փոփոխությամբ դատախազությունը պահանջում է բացի այն գույքից, որ որակվել էր որպես ապօրինի ծագում ունեցող, բռնագանձել նաև գույքերի այն մասը, որն իրենց իսկ կողմից համարվել է օրինական։ Երկրորդ՝ միջնորդության մեջ ավելացվել են հաշվեգրվող տոկոսների հետ կապված դրվագներ՝ բանկային ավանդների և հաշիվներում պահվող գումարների վրա։ Երրորդ՝ ավելացվել է մի դրվագ հայցի առարկայում՝ կապված անշարժ գույքի վարձակալության դիմաց ստացվող վարձավճարների հետ։ «Կարծում եմ, որ 3 ավելացումն էլ դատավարական տեսանկյունից թույլատրելի չէ»,- ասաց Վահագն Գրիգորյանը։

Դատախազ Տիգրան Ենոքյանն էլ հայտնեց, որ ներկայացուցչի առարկություններն անհիմն են, և դատախազությունը օրինական գույքի բռնագանձման պահանջ չի ներկայացրել։ «Ապացուցման պարտականությունը բաշխելուց հետո պատասխանող կողմը կարող է ներկայացնել այնպիսի տվյալներ, որոնք էական ազդեցություն կունենան բռնագանձման ենթակա գույքի՝ անձի օրինական եկամուտներով չհիմնավորվող մասը որոշելու տեսանկյունից»,- ասաց Ենոքյանը։

Վահագն Գրիգորյանը մտավախություն հայտնեց, որ եթե նախկինում ապացուցելու էին դատախազության ներկայացրած գույքի որոշակի մասի օրինականությունը, ապա այժմ ստիպված են լինելու տվյալ գույքի 100%-ի օրինականությունն ապացուցել։ Դատախազը հայտնեց, որ պետք չէ ապացուցել գույքի 100%-ի օրինականությունը, քանի որ օրինական մասի վերաբերյալ ապացույցներն արդեն իսկ ներկայացված են դատարանին։

Դատարանը հայցի առարկայի միջնորդության վերաբերյալ որոշում կկայացնի և կուղարկի կողմերին՝ օրենքով սահմանված կարգով։ Գործով հաջորդ նիստը նշանակվեց մարտի 24-ին՝ ժամը՝ 16։30-ին։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել