Վիճակն արդեն կրիտիկական է․ այսուհետ ունենալու ենք էներգետիկ պաշարի ծայրահեղ սղություն․ Հարությունյանը ներկայացրեց Սարսանգի ջրամբարի ջրային պաշարների սղության հետևանքները
17:17 - 23 փետրվարի, 2023

Վիճակն արդեն կրիտիկական է․ այսուհետ ունենալու ենք էներգետիկ պաշարի ծայրահեղ սղություն․ Հարությունյանը ներկայացրեց Սարսանգի ջրամբարի ջրային պաշարների սղության հետևանքները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ փետրվարի 23-ին տեղի է ունեցել կառավարության նիստ, որի ժամանակ նախագահը ներկայացրել է, թե ի՞նչ իրավիճակ է ստեղծվել Արցախի տևական շրջափակման հետևանքով:

«2020 թվականի աղետալի պատերազմից հետո Արցախը թևակոխել է ծանր մարտահրավերների շրջան, որոնց կարողացել ենք քիչ թե շատ դիմակայել ու պահել որոշակի ներքին ու արտաքին կայունություն: Իսկ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի (Քաշաթաղի) միջազգայնորեն ճանաչված միջանցքի տևական արգելափակումը, տնտեսական շրջափակումն ու Արցախում բնակվող 120.000 մարդուն հումանիտար ամենատարբեր խնդիրների առջև կանգնեցնելը ևս մեկ անգամ ի ցույց դրեցին Ադրբեջանի իրական նպատակները, մոտակա ու հեռակա ծրագրերը:

Ավելի քան 70 օր արցախցիները համառորեն պայքարել և շարունակում են իրենց պայքարը մեր սրբազան հայրենիքում արժանապատվորեն ապրելու և արարելու, մեր նախնիների պատգամը սրբորեն պահելու և մեր նահատակված քույրերի ու եղբայրների շիրիմներին տրված երդումն անխախտ պահելու համար: Այս պայքարն անդադար ու անվերջ է լինելու, այն կարող է ավարտվել միայն հաղթանակով: Այժմ կուտակված հարցեր կան, որոնց վերաբերյալ կցանկանայի ներկայացնել որոշ նկատառումներ:

Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելուց հետո Արցախում ներքին կյանքի հարաբերականորեն խաղաղ ու բնականոն ընթացքն ամբողջությամբ խաթարվեց: Ունեցանք ներկրումների ու արտահանումների դադարեցում՝ բացառությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուս խաղաղապահների կողմից որոշակի հումանիտար բեռների ընդհատումներով սահմանափակ մատակարարման դեպքերի, կիսվեցին բազմաթիվ ընտանիքներ, ծագեցին կենսական բազմաթիվ ապրանքների սղության հետ կապված խնդիրներ, ի հայտ եկան հազարավոր նոր գործազուրկներ, գործունեությունը դադարեցրած կամ նվազեցրած հազարավոր տնտեսվարողներ, հասարակության շրջանում ծագեցին հոգեբանական խնդիրներ, ունեցանք էլեկտրամատակարարման ու գազամատակարարման պարբերական ընդհատումներ, տրանսպորտի խնդիրներ, դպրոցների, մանկապարտեզների ու հիվանդանոցների բնականոն աշխատանքի խափանումներ, տնտեսությունը կրեց ավելի քան 150 միլիոն դոլարի վնաս և բազմաթիվ այլ ուղղակի և անուղղակի զրկանքներ:

Շրջափակումը, խոշոր առումով, Արցախի ժողովրդի վրա ունեցել է ազդեցություն հետևյալ երեք ուղղություններով՝ ազատ տեղաշարժի սահմանափակում, հոգեբանական ահաբեկչություն և կենսական ենթակառուցվածքների աշխատանքի խափանում: Եթե առաջինի և երկրորդի մասով կարողացել ենք քիչ թե շատ երկարաժամկետ շրջափակմանը դիմակայելու լուծումներ գտնել, ապա երրորդի մասով ունենք լրջագույն մարտահրավերներ, որոնք ստիպում են մեզ արագ ու վճռական որոշումներ կայացնել: Կփորձեմ փակագծերը բացել անվտանգային առումով թույլատրելիության սահմաններում:

Հունվարի 9-ից լրիվությամբ խափանելով Հայաստանից եկող էլեկտրամատակարարումը, իսկ շրջափակման ողջ ընթացքում կանոնավոր կերպով խափանելով գազամատակարարումը՝ ադրբեջանական կողմը միտումնավոր հարուցել է շարունակական էներգետիկ ճգնաժամ՝ որպես ճնշման հիմնական միջոց: Այդ ժամանակվանից մենք անցել ենք էներգետիկ համակարգի ճգնաժամային կառավարման՝ ամբողջ ծավալով գործարկելով տեղի հիդրոէլեկտրակայանները և հնարավորինս սահմանափակելով սպառումը, այդ թվում՝ տնտեսական խոշոր ձեռնարկությունների աշխատանքի կասեցման և հովհարային անջատումների կիրառման միջոցով: Այս ողջ ընթացքում մեծ ծավալով պակասել են Սարսանգի ջրամբարի ջրային պաշարները, քանի որ անհամեմատ ավելի շատ ջուր ենք բաց թողել մեր գլխավոր հէկի գործունեության համար, քան Սարսանգ մուտք գործող ջրային պաշարները: Այժմ վիճակն արդեն կրիտիկական է, ինչը նշանակում է, որ այսուհետ ունենալու ենք էներգետիկ պաշարի ծայրահեղ սղություն՝ իր բոլոր հետևանքներով:

Կուզեի նաև ընդգծել, որ այս ընթացքում զգալի գործ է արվել կառավարության կողմից կանոնակարգելու շրջափակման հարուցած խնդիրների լուծման աշխատանքները: Թեև դեռևս բազմաթիվ խնդիրներ կան, արձանագրվել են նաև անարդարության դեպքեր, սակայն կարող ենք պնդել, որ օրեցօր պետական ծառայությունների արդյունավետության մակարդակը բարձրանում է, և դրան զուգահեռ ավելի են մեղմանում բնակչության զրկանքները: Շնորհակալություն իրենց աշխատանքային ու քաղաքացիական պարտավորությունները պատշաճորեն կատարած և կատարող անձանց: Իսկ անբարեխիղճ վարք դրսևորած և արտոնյալի անընդունելի մոլուցքով տառապող մեր հայրենակիցները թող օր առաջ գիտակցեն, որ այդ վարքով վնասում են հայրենիքին ու հենց իրենց, քանի որ թուլացնում են մեր շարքերը և բացասաբար են ազդում հասարակության հոգեբանական դիմադրողականության վրա:

Այս ամենի կողքին, այնուամենայնիվ, ունենք պայքարի ու դժվարությունների պատրաստ ժողովուրդ, որը հստակորեն գիտակցում է ադրբեջանական ցեղասպանական նպատակները և մեր կարմիր գծերը՝ պատրաստ պաշտպանելու վերջիններս: Մյուս կողմից, բնական եմ համարում ժողովրդի մեջ ծագող հարցերը պայքարի նպատակների, միջոցների, ժամկետների, կարմիր գծերի, ռիսկերի և առնչվող այլ հարցերի վերաբերյալ: Առկա տեղեկատվության և թույլատրելիության սահմաններում հնարավորինս կպատասխանեմ այդ հարցերին՝ պատրաստ լինելով նաև քննարկման այս և այլ ձևաչափերով:

Ինչ վերաբերում է Արցախի շրջափակմամբ Ադրբեջանի կարճաժամկետ ու երկարաժամկետ նպատակներին, ապա ակնհայտ է, որ նմանօրինակ գործողություններով Ադրբեջանը հետապնդում է Արցախի ժողովրդի էթնիկ զտման նպատակ՝ «չկա հայ Արցախում, չկա խնդիր» տրամաբանությամբ: Իսկ ավելի միջնաժամկետ ու կարճաժամկետ կտրվածքում նրանք նպատակ ունեն նոր կենսական զիջումներ կորզել Արցախից ու Հայաստանից, փլուզել Արցախի ինքնիշխանությունը, տնտեսությունը, մեծացնել մեր կախվածությունն իրենցից, հոգեբանական ահաբեկչությամբ խթանել արտագաղթը և այլն, և այլն:

Այս առումով մեր պայքարի ռազմավարական նպատակը հայկական, անկախ ու անվտանգ Արցախի պահպանումն ու ամրապնդումն է, իսկ այս փուլի գլխավոր նպատակը ադրբեջանական սադրանքներին վճռականորեն դիմակայելն է, որպեսզի թույլ չտանք էթնիկ զտման քաղաքականության հաջողումը: Այդ ճանապարհին կարևոր նպատակներից է նաև մեր կենսական շահերի ու կարմիր գծերի պաշտպանությունը:

Ուժի ապօրինի կիրառման արդյունքում 2020 թվականին ստեղծված իրավիճակը չի կարող և չպիտի ճանաչվի որպես հակամարտության համընդգրկուն կարգավորման մեկնակետ։ Արցախի Հանրապետության կարգավիճակն առաջվա պես կարիք ունի միջազգային ճանաչման՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու հիման վրա։

Պայքարի գլխավոր միջոցն Արցախում հաստատակամորեն ապրելն է՝ առանց տրվելու հոգեբանական ճնշման տարաբնույթ սադրանքներին: Երկրորդը՝ կենսական շահերի ու կարմիր գծերի անկոտրում պաշտպանությունն է՝ թույլ չտալով դրանց անդառնալի ոտնահարումը: Իսկ երրորդը՝ Ադրբեջանի հանդեպ միջազգային գործնական ճնշման ավելացումն է, որտեղ Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի դերը պակաս կարևոր չէ: Առ այսօր մենք զգալի հույսեր ենք կապել միջազգային ճնշման հետ, սակայն բարի ու երբեմն կոշտ հայտարարություններից անդին գործնական քայլեր չենք տեսել: Այնուամենայնիվ, շարունակում ենք մեր ջանքերը նաև միջազգային իրավական ճակատում, և այդ առումով սպասված ու ողջունելի էր ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի երեկվա որոշումը ճանապարհի բացման պահանջով, որը, սակայն, կարող է մեծ արդյունքներ ապահովել միայն միջազգային հանրության ազդեցիկ դերակատարների քաղաքական ամուր կամքի և գործնական քայլերի առկայության պարագայում: Ամեն դեպքում, անկախ Ադրբեջանի ցուցաբերած պատասխանատվությունից ու վարքից, սա պետք է համարել միջազգային իրավական հարթակում կարևորագույն հաղթանակ, որն ունի առանցքային իրավական արժեք ու նշանակություն ոչ միայն այսօր, այլև վաղը:

Մեր պայքարի ռազմավարական նպատակին հասնելու համար պետք է երկար ճանապարհ անցնենք՝ հաշվի առնելով հակամարտության բարդությունը, ադրբեջանական հայատյաց քաղաքականությունը, տարածաշրջանային աշխարհաքաղաքական միջավայրի անկայունությունը և մեր ներքին խոցելիությունները: Իսկ շրջափակման այս պայմաններում մեր պայքարը արդեն բավականին կանխարգելիչ արդյունքներ է ապահովել, և որոշակի դրական միտումներ կան, որ առաջիկա օրերին այս ճգնաժամային իրավիճակը կարող է զգալիորեն մեղմանալ, ընդ որում՝ առանց մեր կենսական շահերն ու կարմիր գծերը խախտելու կամ վնասելու: Այնուամենայնիվ, մենք խնդիր ունենք ապահովելու որոշակի կայուն ու կանխատեսելի միջավայր առաջիկա ամիսների (միգուցե նաև մեկ-երկու տարվա) ժամանակահատվածում, քանի դեռ չի կայունացել խիստ փխրուն աշխարհակարգը և չենք կարողացել նշանակալիորեն բարձրացնել մեր ներքին դիմադրողականության մակարդակը: Իսկ այս ողջ ընթացքում մեզանից պահանջվում է առանձնահատուկ զգոնություն, ճկունություն, հեռատեսություն ու ռազմավարական համբերություն»։ 

Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել