ԼՂ հարցը պետք է լուծվի Ստեփանակերտի և Բաքվի միջև միջազգայնորեն տեսանելի երկխոսությամբ. Խանդանյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում
12:05 - 25 փետրվարի, 2023

ԼՂ հարցը պետք է լուծվի Ստեփանակերտի և Բաքվի միջև միջազգայնորեն տեսանելի երկխոսությամբ. Խանդանյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում

Լեռնային Ղարաբաղի հարցը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին ու անվտանգությանը, և այն պետք է լուծվի Բաքվի և Ստեփանակերտի միջև միջազգայնորեն տեսանելի երկխոսության միջոցով: Այս մասին, ինչպես հայտնում են ԱԺ հանրային կապերի բաժնից, փետրվարի 24-ին Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ընթացքում հայտարարել է ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը:

«Երեկվա բանավեճի ընթացքում, երբ այս վեհաժողովի անդամները խոսում էին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման և դրա անհապաղ վերագործարկման անհրաժեշտության մասին, մեր ադրբեջանցի գործընկերները նրանց հակադարձում էին այն փաստարկով, թե դեկտեմբերից ի վեր միջանցքով անցել են Կարմիր Խաչի և ռուսական խաղաղապահ զորախմբի մի քանի հարյուր բեռնատարներ: Հարցս հետևյալն է. երբվանի՞ց մենք սկսեցինք հաշվել բեռնատարների քանակը, որոնք սնունդ, դեղորայք և վառելիք են հասցնում մեր բնակավայրեր, երբվանի՞ց է ազատ տեղաշարժի իրավունքը դարձել մեծահոգության դրսևորում և դեռ որքա՞ն կարելի է ծաղրել միջազգային հանրությանը:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին խոսելիս մեր նպատակը հակամարտությունը հավերժացնելը չէ: Ճիշտ հակառակը. մեզ անհրաժեշտ է միջազգային հանրության աջակցությունը Հարավային Կովկասում ատելության և բռնության շրջափուլը հաղթահարելու համար»,- շեշտել է պատգամավորը:

Խանդանյանը հստակ հայտարարել է, որ Հայաստանը հավատում է, որ միայն խաղաղ երկխոսությունը կարող է լուծել խնդիրները և կայունություն հաստատել տարածաշրջանում: Հայաստանը պատրաստ է առաջ մղել Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման գործընթացը՝ միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիմքով: Նրա խոսքով՝ Հայաստանը տարածքային պահանջներ չունի ոչ Ադրբեջանի, ոչ էլ իր հարևաններից որևէ մեկի նկատմամբ:

«Լեռնային Ղարաբաղի հարցը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին ու անվտանգությանը, և այն պետք է լուծվի Բաքվի և Լեռնային Ղարաբաղի միջև միջազգայնորեն տեսանելի երկխոսության միջոցով»,- նշել է Խանդանյանը:

Նա վստահեցրել է, որ Հայաստանը պատրաստ է բացել տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական բոլոր ենթակառուցվածքները՝ երկրների ինքնիշխանության և ճանապարհների նկատմամբ իրավասության պահպանման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը գոյություն ունի ավելի քան 30 տարի: Ես ավելի երիտասարդ եմ, քան այս հակամարտությունը, և որպես երիտասարդ խորհրդարանական, որպես երիտասարդ որոշում կայացնող՝ ես չեմ ցանկանում այս հակամարտությունը ժառանգություն թողնել հաջորդ սերնդին:

Այս տարվա նախագահության կարգախոսն է՝ «Սա մարդկանց մասին է» (It's about people), և ես հավատում եմ, հուսով եմ՝ մենք հավատում ենք, որ դա վերաբերում է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, այդպես չէ՞»,- եզրափակել է պատգամավորը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել