ԱԱԾ մարմիններում ատեստավորման նոր համակարգ կներդրվի․ նախագիծն ԱԺ-ում է
11:30 - 28 փետրվարի, 2023

ԱԱԾ մարմիններում ատեստավորման նոր համակարգ կներդրվի․ նախագիծն ԱԺ-ում է

Ազգային անվտանգության մարմիններում ատեստավորման նոր համակարգ կներդրվի։ Կառավարության ներկայացրած «ԱԱԾ մարմիններում ծառայության մասին և պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը։

«Նախագծերի նպատակը ԱԱԾ մարմիններում ատեստավորման նոր համակարգի ներդրումն է, դրա արդյունքում ավելի բարձր վարձատրության նախատեսումը, ինչպես նաև ծառայողների մասնագիտական պատրաստվածության պատշաճ մակարդակի ապահովումը»։ 

Ըստ նրա՝ նախագծերով առաջարկվում է ԱԱԾ մարմիններում, պետական սահամանի պահպանության, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ հետախուզական գործունեության իրականացման, հատուկ առաջադրանքների կատարման պլանավորման և վերահսկման գործառույթներ իրականացնող ծառայողների համար ատեստավորման արդյունքում հաշվարկել հավելավճար․ «Նշված պաշտոնները զբաղեցնող ծառայողներն ատեստավորման առաջին անգամ կմասնակցեն կամավորության սկզբունքով։ Յուրաքանչյուր հաջորդ ատեստավորումը կիրականացվի երեք տարին մեկ անգամ։ Ատեստավորման բացասական արդյունքի դեպքում ծառայողը կրկին ատեստավորում անցնելու համար մեկ տարվա ընթացքում երկու անգամ դիմելու հնարավորություն կունենա։ Ատետավորման ընթացակարգը, հաշվարկվող հավելավճարի չափերն ու վճարման կարգը սահմանվելու է կառավարության որոշմամբ, իսկ ատեստավորման ենթակա ծառայողների պաշտոնների շրջանակը ԱԱԾ տնօրենի հրամանով»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել