ՊՆ նախկին շենքի բնակիչները ՊԵԿ-ի դիմաց են․ նրանք հանդիպում են պահանջում ՊԵԿ ներկայացուցիչների հետ
14:00 - 01 մարտի, 2023

ՊՆ նախկին շենքի բնակիչները ՊԵԿ-ի դիմաց են․ նրանք հանդիպում են պահանջում ՊԵԿ ներկայացուցիչների հետ

Պաշտպանության նախարարության նախկին շենքում բնակվող քաղաքացիները հանդիպում են պահանջում ՊԵԿ-ի ներկայացուցիչների հետ։ Նրանք հավաքվել են ՊԵԿ-ի շենքի դիմաց։

«Մեր պայքարը միտված է նրան, որ մենք վերադառնանք մեր բնակարններ։ Մարդիկ աշխատանքներ են արել էդ շենքում, հինգ տարի էդ շենք շինանյութ է մտել, եթե մեր ներխուժումն ապօրինի էր, թող երկրորդ օրը կանխեին։ Մարդիկ իրենց վերջին միջոցները ներդրել են ու սենյակները նորոգել, որ մշտական կացարան ունենան»,- ասաց ՊՆ նախկին շենքում ապրողներից Արամ Խանզադյանը։

Քաղաքացիների խոսքով՝ հանրակացարանային սենյակները, որոնք տրամադրվել են նրանց շենքից դուրս հանելուց հետո՝ կոմունալ հարմարություններ չունեն․ զուգարան չկա, լույս չկա, ընդամենը 15 քմ տարածք է։

«15 քառակուսու մեջ 6 հոգով ո՞նց ապրեն, երկու հատ մահճակալ դնեն, կվերջանա սենյակը, մնացածը ոտքի վրա մնա՞ն, կանգնա՞ծ քնեն»,– ասաց ՊՆ նախկին շենքում բնակվողներից մեկ ուրիշը։

Հիշեցնենք՝ փետրվարի 16–ին, ոստիկանությունը ՊԵԿ–ի գրության հիման վրա, ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այդ շենքերում ապրող  մարդկանց դուրս էր հանել շենքից։ Այդ օրը 26 անձ էր բերման ենթարկվել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

ՊՆ նախկին շենքը 2008 թվականից է դադարել ծառայել պաշտպանության նախարարությանը։ Նախորդ տարվա ապրիլին կառավարությունը որոշեց այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որն էլ հետո շենքը տրամադրեց ՊԵԿ–ին։ Այն պետք է դառնա կառույցի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնը։

Լուսանկարը՝ Ազատության


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել