Միջազգային հանրությունը պետք է զսպի Ադրբեջանի կողմից նախապատրաստվող նոր հարձակումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ․ Մարուքյան
 |armenpress.am|
12:33 - 06 մարտի, 2023

Միջազգային հանրությունը պետք է զսպի Ադրբեջանի կողմից նախապատրաստվող նոր հարձակումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ․ Մարուքյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն արձանագրում է, որ Ադրբեջանը սովորաբար հայկական դիրքերից կրակոցների մասին կեղծ լուրերը միշտ տարածում է այն դեպքում, երբ նոր սադրիչ հարձակում է նախապատրաստում: Մարուքյանն այդ մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում.

«Ադրբեջանի երեկվա դիվերսիոն հարձակումը վերջին նորությունը չէ: Այսօր Ադրբեջանը կեղծ լուրեր է տարածում հայկական դիրքերից կրակոցների մասին: Ադրբեջանը միշտ նման ստեր է տարածում, երբ պատրաստվում է նոր սադրիչ հարձակումների: Միջազգային հանրությունը պետք է զսպի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ նոր հարձակումները»,- գրել է Մարուքյանը:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրությունը, թե ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ մարտի 5-ի առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, ևս մեկ ծառայող ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել