Վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով տուժել է 14 անձ, երեքի վիճակը գնահատվում է ծանր
12:30 - 07 մարտի, 2023

Վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով տուժել է 14 անձ, երեքի վիճակը գնահատվում է ծանր

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանի Մոնթե Մելքոնյանի պողոտայում վթարի է ենթարկվել վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը:

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են՝ ավտովթարի հետևանքով տուժել է 14 քաղաքացի, որոնք ստացել են տարբեր վնասվածքներ և տեղափոխվել մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններ:

Նրանցից 1-ը հետազոտվել և դուրս է գրվել: Ներկա պահին 13-ը ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն:

Տուժածներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 9-ը` միջին ծանրության, 1-ը` բավարար:

ՆԳՆ Փրկարար ծառայությունը նույնպես հաղորդագրություն էր տարածել վթարի մասին, որում նշվում էր․

«Մարտի 7-ին՝ ժամը 08:35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոնթե Մելքոնյան պողոտայի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Պարզվել է, որ բախվել են Hyundai մակնիշի ավտոբուսը և BMW մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․Հ․)․ ավտոբուսը բախվել է ճանապարհի արգելապատնեշին, կան տուժածներ։

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին․ Շ․Ա․-ն (ծնված 1962 թ․) հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, Ս․Բ․-ն (ծնված 1956 թ․) և Գ․Ն․-ն (ծնված 1969 թ․)՝ «Էրեբունի» ԲԿ, ևս 8 հոգի՝ «Արմենիա» ՀԲԿ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել