Վրաստանում ԵՄ պատվիրակությունը ողջունել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի հետկանչումը խորհրդարանից
12:58 - 09 մարտի, 2023

Վրաստանում ԵՄ պատվիրակությունը ողջունել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի հետկանչումը խորհրդարանից

Վրաստանում Եվրամիության պատվիրակությունը ողջունել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի հետկանչումը երկրի խորհրդարանից: Պատվիրակության թվիթերյան միկրոբլոգում գրված է.

«Մենք ողջունում ենք իշխող կուսակցության հայտարարությունը «Օտարերկրյա ազդեցության» մասին օրինագիծը հետ կանչելու վերաբերյալ: Վրաստանի բոլոր քաղաքական առաջնորդներին կոչ ենք անում վերսկսել Եվրամիության հետ ինտեգրմանն ուղղված բարեփոխումները ներառական և կառուցողական ձևով և Վրաստանի 12 առաջնահերթություններին համապատասխան՝ հասնելու ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի»։

Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանը մարտի 7-ին 76 կողմ, 13 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունել էր «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենսդրական փաթեթը, որը խորհրդարան էր բերել «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը: Փաթեթը ենթադրում էր «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Հեղինակներն այն համարում են «ամերիկյան», ընդդիմախոսները՝ «ռուսական»։

Օրինագծի՝ առաջին ընթերցմամբ ընդունմանը հաջորդեցին ցույցերը, բողոքի, անհնազանդության ակցիաները Թբիլիսում, որոնք ոստիկանությունն ուժի գործադրմամբ ցրեց:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և «Ժողովրդի ուժ» հասարակական շարժումն այսօր հայտարարեցին օրինագիծը խորհրդարանից հետ կանչելու որոշման մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել