Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարությունը հիմնված է ոչ ճիշտ պատկերացումների ու մեկնաբանությունների վրա. «Մեդլայն կլինիկ»
13:26 - 13 մարտի, 2023

Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարությունը հիմնված է ոչ ճիշտ պատկերացումների ու մեկնաբանությունների վրա. «Մեդլայն կլինիկ»

«Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնը հայտարարություն է տարածել Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում քննվող գործի վերաբերյալ, որի շրջանակներում կալանավորվել է ԲԿ-ի տնօրեն Բաբկեն Շահումյանը։

Ըստ Կոմիտեի՝ «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բաբկեն Շահումյանը կեղծ հաշվետվություններ ներկայացնելով՝ հնարավորություն է ստացել «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» իրականացման ծրագրով», նախնական համաձայնությամբ, խարդախության եղանակով հափշտակել առանձնապես խոշոր չափերի՝ 119.005.000 դրամ: Ստորեւ՝ ԲԿ-ի հայտարարությունը։

2020 թվականին, երբ երկրագնդում մոլեգնում էր Covid-19 կորոնավիրուսային մարդասպան վարակը, իսկ ռազմաճակատից, ցավալիորեն, չէր դադարում մեր վիրավոր հերոսների հոսքը, «Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնն անմնացորդ նվիրումով ներգրավվեց մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների՝ այդ թվում, համավարակի դեմ պայքարին: Մեծ ջանքերի և ներդրումների շնորհիվ, մենք արագորեն ստեղծեցինք առանձնացված բուժկենտրոններ ու կազմավորեցինք արհեստավարժ և նվիրված բուժական անձնակազմ: Այսպիսի ծայրահեղ դժվարին, անկանխատեսելի ու անվերահսկելի պայմաններում, երբ համաշխարհային գիտությանը հայտնի չէին Covid-19 վարակի դեմ պայքարի բուժական միջոցները ու մարդկանց կյանքի ու առողջության համար պայքարում անընդհատ կիրառվում էի փորձարարական մեթոդներ՝ «Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի գերմարդկային ճիգերի և շուրջօրյա աշխատանքի շնորհիվ, մեզ հաջողվեց փրկել հազարավոր կյանքեր, վերականգնել հազարավոր մարդկանց առողջությունը, իսկ մահացությունների թիվը հասցնել նվազագույնի: 2020-ից 2022 թվականների ընթացքում «Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնը ընդունել և սպասարկել է 6948 կորոնավիրուսով վարակված պացիենտների: Մեր ջանքերը արժանվույն գնահատվեցին թե՛ մեր պացիենտների, թե՛ հանրության, և թե՛ պետության կողմից:

Մասնավորապես՝ մահացության նվազագույն ցուցանիշն ապահովելու հանգամանքը հաշվի առնելով, կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և իրականացման գործում ներդրած ավանդի համար «Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնի հիմնադիր Բաբկեն Շահումյանը ՀՀ նախագահի կողմից պարգևատրվեց «Մխիթար Հերացու» մեդալով, իսկ մինչ օրս մեր պացիենտներից և նրանց հարազատներից մենք ստանում ենք հարյուրավոր շնորհակալական խոսքեր և հաղորդագրություններ: ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացման ծրագրը ֆինանսվավորվել է ՀՀ կառավարության հատկացրած միջոցներով, սակայն՝ պետության սահմանափակ ռեսուրսները հաշվի առնելով, «Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնը պացիենտների բժշկական օգնության և սպասարկման ծախսերը հաճախ հոգացել է նաև իր սեփական շահույթից:

Պետական ֆիանսավորումը յուրաքանչյուր պացիենտի համար սահմանափակված էր որոշակի ժամանակահատվածով, այդուհանդերձ՝ հարյուրավոր պացիենտների բուժումը և վերականգնումը պահանջել է անհամեմատ ավելի երկար ժամանակահատված, և «Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնը, առանց երկմտելու, այդ ժամանակահատվածի բուժումը հոգացել է ինքնուրույն՝ գերակա համարելով մարդկանց կյանքն ու առաջությունը և գիտակցելով իր մասնագիտական առաքելությունը:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի առնչությամբ ս.թ. մարտի 10-ին տարածված հայտարարությունը՝ կապված կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացման ծրագրի շրջանակներում հատկացված պետական ֆինանսավորման հնարավոր յուրացման վերաբերյալ, մեր համոզմամբ, հիմնված է բժշկական գիտության և բուժական ընթացակարգերի վերաբերյալ ոչ ճիշտ պատկերացումների ու մեկնաբանությունների վրա, ինչը հանգեցրել է սխալ եզրահանգումների:

Այս եզրահանգումները, բնականաբար, նախնական են, քանզի նախաքննությունը շարունակվում է: «Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնը սույն գործի նախաքննության ընթացքում պատրաստակամորեն համագործակցել է և շարունակելու է համագործակցել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հետ՝ ինչպես պետական միջոցների յուրացման կասկածն ու մեղադրանքը փարատելու, այնպես էլ այդպիսի յուրացման տրամաբանության ու հնարավորությունների բացակայությունը ակներև դարձնելու համար: Մենք ևս գտնում ենք, որ կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացման ծրագրի վերաբերյալ հանրությունը իրավունք ունի և պետք է ստանա բոլոր ճշմարիտ պատասխանները:

Ստեղծված իրավիճակն ու դժվարությունները, անշուշտ, աշխատանքային են և ժամանակավոր: Դրանք որևէ ազդեցություն չունեն և չեն ունենա «Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնի գործունեության վրա, որը նույն նվիրվածությամբ շարունակելու է ծառայել մեր հանրությանը՝ բոլոր կարիքն ունեցողներին ապահովելով բժշկական օգնության և սպասարկման արհեստավարժ ու բարձրակարգ ծառայություններով: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել