Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում․ նա գտնվում է հետախուզման մեջ․ ՔԿ
18:57 - 15 մարտի, 2023

Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում․ նա գտնվում է հետախուզման մեջ․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է ՀՀ մշակույթի նախկին նախարարի, «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ տնօրենի օժանդակությամբ ՍՊ ընկերության հիմնադիրների և տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի նախաքննությունը:

Ինչպես արդեն տեղեկացվել է, քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի Եզնիկ Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով հողամասը ուսումնական նպատակով օգտագործելու կեղծ պատրվակով, ՍՊ ընկերության տնօրենը, ՍՊԸ-ի հիմնադրումից ընդամենը 4 օր անց, Երևանի քաղաքապետին է ներկայացրել ներդրումային ծրագիր՝ առաջարկելով «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու համար այն տրամադրել ընկերությանը: Փոխարենը՝ ընկերությունը պարտավորվել է նշված համալիրի կառուցումից բացի, իրականացնել նաև դպրոցի պայմանները բարելավելու աշխատանքներ: ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ն, ում, եզրակացություն ստանալու նպատակով, հասցեագրվել էր ներդրումային ծրագիրը, տեղեկացված լինելով ընկերության կողմից հողատարածքը ոչ ուսումնական նպատակով օգտագործելու և դրա վրա բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու իրական մտադրության մասին, չի առարկել ներկայացված ներդրումային ծրագրի դեմ: Ծրագրին հավանություն է տվել նաև «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, ով ընկերության տնօրենի եղբայրն է:

2012թ. դեկտեմբերի 13-ին ՀՀ մշակույթի նախկին նախարարի և ընկերության միջև կնքվել են համապատասխան պայմանագրեր, որոնցում դիտավորությամբ չի ներառվել Կառավարության որոշմամբ սահմանված պարտավորություններից՝ 800 մլն դրամ արժողությամբ «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու պարտավորության կատարումը: Այդ կերպ ՀՀ մշակույթի նախկին նախարարը, խոչընդոտները վերացնելով, ընկերությանը հնարավորություն է տվել, առանց նշված պարտավորության կատարման, իր սեփականության իրավունքը գրանցել Երևան քաղաքի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 0.03 հա մակերեսով հողամասից, 35.3 քմ մակերեսով կաթսայատնից և 16.8քմ կարգավիճակը չորոշված ինքնակամ շինությունից բաղկացած անշարժ գույքի նկատմամբ:

 

Այնուհետև, ՀՀ մշակույթի նախկին նախարարը երկու նախագիծ է ներկայացրել Կառավարություն, որոնցով առաջարկել է կատարել փոփոխություն արդեն իսկ առկա որոշման մեջ: Այն է՝ կատարել դպրոցի շենքի կապիտալ վերանորոգում՝ տեղեկացված լինելով, որ այն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրով: Մեկ այլ փոփոխությամբ առաջարկվել է հիշյալ երաժշտական դպրոցին տրամադրել երաժշտական գործիքներ՝ դպրոցի մարզադահլիճի և այլ հատվածների հիմնանորոգման փոխարեն:

Արդյունքում արձանագրվել է, որ Ընկերությունը կատարել է Կառավարության որոշմամբ սահմանված՝ կաթսայատան կառուցման և երաժշտական գործիքների տրամադրման պարտավորությունները, ինչի պայմաններում Երևանի Ե.Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300.0 քմ մակերեսով հողատարածքն ու 35.3 քառ. մետր մակերեսով կաթսայատան շինության տարածքը խարդախությամբ հափշտակվել է՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 165.770.000 մլն դրամի գույքային վնաս:

Նշված անշարժ գույքը հափշտակելուց հետո այդ հասցեում կառուցվել է 17 հարկանի շենք:

Հարուցված քրեական հետապնդումների հիման վրա, քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ, ընկերության երկու հիմնադիրներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Որոշում է կայացվել ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Վերջինս գտնվում է հետախուզման մեջ, իսկ որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ ընտրվել կալանավորումը:

Որոշումներ են կայացվել հանրային քրեական հետապնդում հարուցել նաև ընկերության տնօրենի, ինչպես նաև՝ բաժնեմասի սեփականատիրոջ նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Վերջիններիս գտնվելու վայրը պարզելու նպատակով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ:
Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել ընկերության անվամբ սեփականության իրավունքով գրանցված հիշյալ հասցեում գտնվող 0.03 հա մակերեսով հողամասի և դրանում առկա շինության՝ 17 հարկ ունեցող շենքի վրա արգելադրում կիրառելու վերաբերյալ, որի իրավաչափությունը հաստատվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել