Վլադիմիր Վարդանյանը տեղափոխվել է հիվանդանոց դեմքի պատռված վերքով. կոսմետիկ կար է դրվել
 |factor.am|
14:23 - 31 մարտի, 2023

Վլադիմիր Վարդանյանը տեղափոխվել է հիվանդանոց դեմքի պատռված վերքով. կոսմետիկ կար է դրվել |factor.am|

factor.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն այսօր ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց։ «Դեմքի ձախ հոնքային շրջանի պատռված վերքով, կատարվել է առաջնային վիրաբուժական մշակում, վերքի ամբողջականությունը վերականգնվել է ներմաշկային կոսմետիկ կարով, վիճակը բավարար է, դուրս է գրվել»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց «Նաիրի» ԲԿ մամուլի քարտուղար Աննա Ղազարյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ միջադեպ է տեղի ունեցել Մհեր Սահակյանի և ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի միջև։

«Քիչ առաջ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել, մարմնական վնասվածքներ հասցրել վերջինիս և փախել: Այս խայտառակ խուլիգանությունը պետք է ունենա հստակ քրեաիրավական հետևանք»,- Ֆեյսբուքում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Ավելի ուշ իրավապահներն ԱԺ-ից տարել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին։

Այս մասին Factor.am-ին հայտնեցին խմբակցությունից։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն էլ ներկայացրել է միջադեպի իր վարկածը։

«Այսօր առավոտյան ՀՀ Ազգային ժողովում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստում Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի սադրիչ և անհավասարակշիռ պահվածքի հետևանքով կոնֆլիկտ է ծագել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի և Վլադիմիր Վարդանյանի միջև։

Միջադեպից րոպեներ անց Ազգային ժողով են ներխուժել ՀՀ ոստիկանության աշխատակիցները, ովքեր անհամաչափ բռնի ուժի կիրառմամբ բերման են ենթարկել պատգամավոր Մհեր Սահակյանին։ Այս պահին պատգամավոր Մհեր Սահակյանը գտնվում է Երևան քաղաքի ոստիկանական բաժիններից մեկում և հարցաքննվում է։ Միաժամանակ ցանկանում եմ ընդգծել, որ Մհեր Սահակյանը իր ողջ գործունեության ընթացքում դրսևորել է արժանապատիվ հայի կեցվածք, որը կոտրել հնարավոր չէ։ Դեպքի առնչությամբ հարկ ենք համարում արձանագրել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կազմակերպած հերթական սադրանքը նպատակ ունի հանրության ուշադրությունը շեղել ՀՀ տարածքում ադրբեջանական ուժերի առաջխաղացման փաստից»,- գրել է Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել