Ֆինլանդիայի խորհրդարանական ընտրություններում գործող վարչապետ Սաննա Մարինը պարտություն է կրել
 |armenpress.am|
10:35 - 03 ապրիլի, 2023

Ֆինլանդիայի խորհրդարանական ընտրություններում գործող վարչապետ Սաննա Մարինը պարտություն է կրել |armenpress.am|

armenpress.am: Ֆինլանդիայում ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով պահպանողական «Ազգային կոալիցիոն» կուսակցությունը՝ Պետերի Օրպոյի գլխավորությամբ, առաջ է անցել գործող վարչապետ Սաննա Մարինի «Սոցիալ-դեմոկրատական» կուսակցությունից: Այս մասին հաղորդում է BBC-ին:

Հաղորդվում է, որ Պետերի Օրպոյի կուսակցությունը ստացել է ձայների 20,8 %-ը՝ չնչին տարբերությամբ առաջ անցնելով նաև Ռիիկա Պուրայի գլխավորած «Իրական ֆիններ» աջ կուսակցությունից, որը ստացել է ձայների 20,1 %-ը:

Սաննա Մարինի կուսակցությունը ստացել է ձայների 19,9 %-ը:

Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինն ընդունել է ընտրություններում իր պարտությունը և շնորհավորել իր մրցակիցներին:

Ռիիկա Պուրան նույնպես շնորհավորել է «Ազգային կոալիցիոն» կուսակցությանը հաղթանակի կապակցությամբ, նաև արձանագրել, որ այս ընտրությունների արդյունքները լավագույնն էին «Իրական ֆիններ»-ի ողջ պատմության ընթացքում:

37-ամյա Սաննա Մարինը աշխարհի ամենաերիտասարդ առաջնորդն էր, երբ 2019 թ.-ին՝ 34 տարեկանում, դարձավ Ֆինլանդիայի վարչապետ: Նա գլխավորում էր կոալիցիա՝ կազմված հինգ կուսակցություններից, որոնց բոլորի առաջնորդները կանայք էին:

Այս ընտրությունների արդյունքներով պետք է կառավարություն կազմեն պահպանողականները: Եթե դա նրանց հաջողվի, ապա Ֆինլանդիայի հաջորդ վարչապետը կդառնա 53-ամյա Պետերի Օրպոն: Ըստ Ֆինլանդիայի օրենսդրության՝ խմբակցությունը 200-տեղանոց խորհրդարանում պետք է ունենա առնվազն 100 մանդատ: Պետերի Օրպոն կա՛մ պետք է կոալիցիա կազմի Ռիիկա Պուրայի, կա՛մ Սաննա Մարինի կուսակցության հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել