Ֆինլանդիա այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական Lännen Media լրատվական գործակալությանը, որի արդյունքում նախարարի հարցազրույցը ներառող՝ «Մենք ցանկանում ենք ավելի մոտենալ Ֆինլանդիային և մյուս ժողովրդավար երկրներին» վերտառությամբ հոդվածը հրապարակվել է ֆիննական չորս օրաթերթերում։
Հոդվածի սկզբում լրագրողը նշում է, որ Եվրոպան այսօր շատերին է գրավում։ Ժողովրդավարական երկրների համայնքը աննախադեպ հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի հանդեպ: Հարցազրույցում նախարարից մեջբերումները ներկայացված են ստորև։
Հարցազրույցի մեկնարկին նախարար Արարատ Միրզոյանն ընդգծում է, որ Հայաստանը ժողովրդավարության արժեքները կիսում է այնպիսի երկրների հետ, ինչպիսին է, օրինակ՝ Ֆինլանդիան: Նա ընդգծել է, որ իր երկիրը «համագործակցության հավակնոտ օրակարգ» է հետապնդում Ֆինլանդիայի և ԵՄ-ի հետ։ «Դուք գիտեք մեր քաղաքականությունը, որը նպատակ ունի Հայաստանին ավելի ու ավելի մոտեցնել Եվրոպական միությանը։ ՀՀ վարչապետը Եվրոպական խորհրդարանում իր ելույթում նշեց, որ Հայաստանը պատրաստ է մոտենալ Եվրոպական միությանն այնքան, որքան դա հնարավոր կդիտվի ԵՄ կողմից»:
Նրա խոսքով՝ Հայաստանը ներկայումս իրականացնում է մի քաղաքականություն, որն ուղղված է ԵՄ-ի հետ հարաբերությունների էական խորացմանը։ Այժմ բանակցություններ են ընթանում «Նոր գործընկերության օրակարգ» կոչվող փաստաթղթի շուրջ, որը նախարար Միրզոյանը բնութագրել է որպես համագործակցության տարբեր ոլորտներ ընդգրկող համապարփակ փաստաթուղթ:
«Ապրիլին տեղի ունեցավ բարձր մակարդակի եռակողմ հանդիպում Հայաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի մասնակցությամբ: Հանդիպման հիմնական նպատակն էր ամրապնդել Հայաստանի դիմակայությունը, հատկապես՝ տնտեսական՝ հաշվի առնելով, որ Հայաստանը տարբեր ուղղություններից բախվում է բազմաթիվ սպառնալիքների, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքների, ես կասեի:
Ինչպես գիտեք, Հայաստանը ժողովրդական երկիր է: Մենք ունեցել ենք ժողովրդական, ոչ բռնի հեղափոխություն: Մենք նախաձեռնել ենք ընդարձակ ժողովրդավարական բարեփոխումներ՝ կոռուպցիան արմատախիլ անելու և ժողովրդավարական ինստիտուտներն ամրապնդելու համար: Արդեն ունեցել ենք երկու խորհրդարանական ընտրություններ, որոնք ճանաչվել են լիովին ժողովրդավարական, ազատ և թափանցիկ:
Ժողովրդավարական հասարակություն կառուցելիս, իհարկե, մենք փնտրում ենք հնարավորություններ՝ ամրապնդելու կապերը այլ ժողովրդավարական հասարակությունների հետ: Միանգամայն բնական է, որ մենք մեր հայացքը ուղղում ենք Եվրոպական միության ուղղությամբ, որն իր կազմում ունի բազմաթիվ զարգացած ժողովրդավարական երկրներ»:
Նախարար Միրզոյանը վստահությամբ նշել է, որ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններն անշրջելի են: «Կարևոր չէ, թե ժողովրդավարական ազատ ընտրությունների միջոցով ինչ կառավարություն կգա իշխանության, ժողովրդավարական արժեքները մեր հասարակության հիմքն են»:
Հարցազրույցի ավարտին նախարար Միրզոյանը ժպիտով պատասխանում է ՀՀ ԱԳ նախարարի աշխատանքի բնույթի վերաբերյալ հարցին.
«Շնորհակալ եմ հետաքրքիր հարցի համար: Շատ հրապուրիչ էր մեր ժողովրդական հեղափոխությունից հետո դառնալ առաջին փոխվարչապետ, ապա խորհրդարանի նախագահ, բոլորս այդ գործընթացով անցած գործիչներ էինք: Բայց երբ ես վարչապետից ստացա առաջարկ՝ ստանձնելու արտաքին քաղաքական ուղղությամբ պատասխանատվությունը, դա ստիպեց ինձ մտածել: Ոչ բոլորը կհամաձայնեին ստանձնել այս դերը` հաշվի առնելով յուրահատուկ հանգամանքները»:
Հոդվածի ավարտին լրագրողն ավելացնում է, որ մարտահրավերների քանակը կարելի է ընդամենը նայելով մոտ 3 միլիոն բնակիչ ունեցող երկրի դիրքին քարտեզի վրա՝ Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի և Իրանի մեջտեղում, Ռուսաստանի հարևանությամբ՝ Հարավային Կովկասում:
comment.count (0)