Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր
18:25 - 28 նոյեմբերի, 2024

Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր

Հելսինկիում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի առանձնազրույցը:
 
Նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում։
 
Ինչպես հայտում են ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են քաղաքական երկխոսությանը զուգահեռ ոլորտային տարբեր ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորությունները, այդ թվում՝ առևտրի, գործարար կապերի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության ոլորտներում։ Առանձնանշվել են ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող շարունակական բարեփոխումները և այդ հարցում Ֆինլանդիայի կողմից աջակցության ծրագրերը։
 
Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը հանգամանալից քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր։
 
Անդրադարձ է կատարվել հարաբերությունների զարգացման դինամիկային, այդ ուղղությամբ հասարակության շրջանում ակտիվ քննարկումներին, մշակվող գործընկերության նոր օրակարգի լայն շրջանակին և հնարավոր հեռանկարներին։ ԵՄ կառույցների և անդամ երկրների հետ համագործակցությամբ կիրառվող կարևոր գործիքների շարքում մատնանշվել են վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, Եվրոպական խաղաղության գործիքի ներքո ՀՀ-ին աջակցության տրամադրումը, ինչպես նաև ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեության կարևորությունը։
Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում փոխգործակցությանը, այդ թվում՝ ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի առաջիկա նախագահության շրջանակներում։
 
Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը։
 
Հարավային Կովկասում հարատև կայունության հաստատման համատեքստում Արարատ Միրզոյանը շեշտել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ՀՀ տեսլականը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել