Կացարանի հրդեհի հետեւանքով վիրավորված երկու զինծառայողները դեռեւս դուրս չեն գրվել հոսպիտալից
 |news.am|
13:57 - 04 ապրիլի, 2023

Կացարանի հրդեհի հետեւանքով վիրավորված երկու զինծառայողները դեռեւս դուրս չեն գրվել հոսպիտալից |news.am|

news.am: Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին բռնկված ողբերգական հրդեհի հետեւանքով վիրավորված յոթ զինծառայողներից երկուսը դեռեւս շարունակում են իրենց բուժումը զինվորական հոսպիտալում։

«Նրանց վիճակը բավարար է»,- հայտնել են Պաշտպանության նախարարությունից։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։

Գործով մեղադրյալի կարգավիճակ ունի հինգ սպա։ Նրանցից երկուսը՝ թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյան եւ զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության եւ փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մառլեն Սարգսյանը կալանավորված են։ Նրանք մեղադրվում են զինվորական պաշտոնեական անփութություն կատարելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նույն հոդվածով հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաեւ վաշտի հրամանատար Գ․Մ․-ի նկատմամբ։ Որպես խափանման միջոց ընտրվել է երկրից բացակայելու արգելքը։ Զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ի նկատմամբ եւս հարուցել է հանրային քրեական հետապնդում։

Առանցքային մեղադրյալ, կապիտան Եղիշե Հակոբյանը, որին է մեղսագրվում վառարանը բենզինով վառելու արարքը, որն առաջացրել է 15 զինծառայողների մահը, դուրս է գրվել հիվանդանոցից եւ կալանավորվել։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ): 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել