«Ամենաոչկրիմինալ» Գյումրին՝ Վարդան Ղուկասյանի քաղաքապետության տարիներին. փաստեր և վիճակագրություն |fip.am|
08:42 - 15 նոյեմբերի, 2019

«Ամենաոչկրիմինալ» Գյումրին՝ Վարդան Ղուկասյանի քաղաքապետության տարիներին. փաստեր և վիճակագրություն |fip.am|

fip.am: Գյումրիի նախկին քաղաքապետ, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը նոյեմբերի 13-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իր քաղաքապետության 13 տարվա ընթացքում Գյումրին ամենաոչկրիմինալ քաղաքն է եղել։

«Ոստիկանության ստատիստիկան, որ տալիս էր, ՀՀ ամենաոչկրիմինալ հանցագործություն կատարած քաղաքը Գյումրին էր: Բացեք այդ թվականներին և ուշադրությամբ նայեք։ Ոստիկանությունն այլ բան էր ասում, բայց այն մարդիկ, որոնք մեր դեմ մահափորձ կատարեցին և մեզ կապեցին կրիմինալ աշխարհի հետ, մինչև այսօր, որպեսզի այդ գործը փակվի, այ դրանց մասին պետք է մտածեք։ Իմ օրոք ամբողջ քաղաքը համերաշխ է եղել, էնքան հարգանք ենք ունեցել, որ եթե ջահելներն իրար հետ խնդիր են ունեցել, ես խաբար եմ արել, որ ներեք, համերաշխ եղեք, ջիգյարով եղեք, և թաղերը իրար հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ են եղել», — նշել է Ղուկասյանը։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ստուգել, թե հանցագործությունների ինչպիսի վիճակագրություն է եղել Վարդան Ղուկասյանի քաղաքապետ եղած տարիներին, և ինչ աղմկահարույց դեպերով է «աչքի ընկել» «ամենաոչկրիմինալ» Գյումրին։

Ո՞վ է Վարդան Ղուկասյանը

Վարդան Ղուկասյանը Գյումրու քաղաքապետ է եղել 1999-2012 թվականներին։ 2006-ից Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է եղել, 2017-ին դուրս է եկել կուսակցությունից։ 2017 թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 11 ընտրատարածքի (Գյումրի) տարածքային ընտրական ցուցակով:

Հեղինակել է «Առաքելական եկեղեցու ուղիղ վարդապետությունը՝ ընդդեմ աղանդավորական մոլորության», համահեղինակել «Գյումրի քաղաքը և մարդիկ» գրքերը:

«Ամենաոչկրիմինալ» Գյումրին՝ Վարդան Ղուկասյանի քաղաքապետության ժամանակ

Վարդան Ղուկասյանը նշում է, որ հատուկ աշխատում են վարկաբեկել իրեն ու իր ընտանիքը՝ մինչև այսօր իրենց կապելով կրիմինալ աշխարհի հետ։ Վերհիշենք շուրջ մեկ տասնյակ աղմկահարույց դեպքեր, որոնք տեղի են ունեցել Ղուկասյանի՝ քաղաքապետ լինելու տարիներին և այս կամ այն չափով առնչություն ունեն Ղուկասյանի ու նրա ընտանիքի հետ։

Այսպես, 2005-ի մայիսի 5-ին Գյումրիի «Դուետ» սրճարանում տեղի էր ունեցել սպանություն, և տարածվեցին տեղեկություններ, թե դրա հետ առնչություն ունի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակը: Սակայն այս գործով 14 օր անց ձերբակալվեց «Պիշ» մականունով Արա Մրյանը։

Նույն թվականի ամռանը Ղուկասյանի եղբորը պատկանող «Օազիս» սրճարանում վեճ էր ծագել հայերի և ռուսական զորամասի սպաների միջև, քաղաքապետ Վարդան Ղուկասյանը երկու անգամ օդ էր կրակել: Քրեական գործ չէր հարուցվել:

2007-ի մայիսի 20-ին օրը ցերեկով փոխհրաձգություն էր տեղի ունեցել Ղուկասյանի որդու՝ Սպարտակի անմիջական մասնակցությամբ։ Տարածվել էր նաև դեպքի տեսանյութը Դրա արդյունքում 74-ամյա Համասփյուռ Մնացականյանը ձեռքից վնասվածք էր ստացել։

 

2007-ին մամուլը գրել էր 12-ամյա Ռոբերտ Սիմոնյանի մահվան մասին։ Ըստ հրապարակումների՝ Սիմոնյանը անհետ կորել էր մայիսի 20-ից. այդ օրը Գյումրիում տեղի էր ունեցել փոխհրաձգություն քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու մասնակցությամբ, և վարկածներ էին շրջանառվում, թե երեխան կարող էր մահացած լիներ հենց այդ կրակոցների արդյունքում։ Այս դեպքն այդպես էլ չբացահայտվեց։

2007-ի ապրիլի 2-ին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ մահափորձ է իրականցվում։ Նրա ծառայողական մեքենայի և ուղեկցող մեկ այլ ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցներ են արձակվում, ինչի հետևանքով հինգ ուղևորներից երեքը տեղում մահանում են: Վարդան Ղուկասյանը և իր տեղակալ Գագիկ Մանուկյանը վիրահատվում են: Հանցագործությունն այդպես էլ չի բացահայտվել։

Աղմկահարույց դեպքերի թվում է նաև 2012 թ․-ի ապրիլի 12-ին Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի սպանությունը։ Եսայանը սպանվել էր հենց քաղաքապետի դստեր հետ նշանադրության օրը:

2012-ի օգոստոսի 24-ին Ղուկասյաններին պատկանող Գյումրիի «Հրաշքների աշխարհ» սրճարանի դիմաց տեղի էր ունեցել վիճաբանությունը, որն ուղեկցվել էր կրակոցներով։ Դրան մասնակցել էր Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը։

2013 թ․-ի ապրիլի 23-ին կատարված միջադեպի հետևանքով հրազենային վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել էր: Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշերով: Գործով կար մեկ մեղադրյալ` Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր որդին` Վահե Ղուկասյանը:

Այսպիսով, Ղուկասյանի քաղաքապետության 13 տարիների ընթացքում Գյումրին աչքի է ընկել աղմկահարույց միջադեպերով, որոնք մեծամասամբ կապված են եղել հենց Ղուկասյանների ընտանիքի հետ։

Շիրակի մարզում հանցագործությունների վիճակագրական պատկերը 2000-2012 թթ․-ին

Ինչ վերաբերում է Ղուկասյանի պնդմանը, որ իր քաղաքապետության տարիներին վիճակագրությունով Գյումրին ամենաոչկրիմինալ քաղաքն էր, ապա մենք ուսումնասիրենք վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալները։ Նշենք, որ մինչև 2018 թվականը հանցագործությունների վերաբերյալ վիճակագրությունը ներկայացվում էր մարզերով։

2000-ին գրանցված հանցագործությունների քանակով Շիրակի մարզը երկրորդն է եղել Երևանից հետո։ Նույն պատկերն է եղել նաև 2001 և 2002-ին։

2003-ին մարզում կտրուկ նվազել է հանցագործությունների քանակը, և Շիրակն արդեն չորրորդն էր՝ Երևանից, Լոռու և Կոտայքի մարզերից հետո։ 2004-ին Շիրակի մարզը կրկին երկրորդ տեղում է հայտնվում։ 2005-ին գրանցված հանցագործությունների քանակը ամբողջ հանրապետությունում աննախադեպ կրճատվել է։ Շիրակը, սակայն, այդ տարի երրորդ տեղում էր։ 2006-ին մարզում գրանցված 727 հանցագործության քանակով մարզը չորրորդ հորիզոնականում էր, 2007-ին՝ 3-րդ, 2008-ին` 5-րդ, 2009-ին՝ 4-րդ։

2010-ին գրանցված դեպքերի աճ է նկատվում ոչ միայն Շիրակի մարզում (2009 թ․-ի համեմատ 15,7%), այլ ողջ հանրապետությունում: Շիրակում 1016 դեպք է գրանցվել, մարզը 4-րդ հորիզոնականում էր։ 2011 թ․-ին՝ 5-րդ։ Պատկերը նույնն էր 2012 թ․-ին։

Վերլուծելով՝ կարող ենք եզրակացնել, որ Վարդան Ղուկասյանը, վկայակոչելով վիճակագրական թվերը, ըստ էության, մասամբ ճիշտ է ասում, որ հանցագործությունների թվով Շիրակի մարզը և մարզկենտրոն Գյումրի քաղաքը ամենակրիմինալը համարել չենք կարող։

Սակայն դա այդպես է թվում միայն առաջին հայացքից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարիներ շարունակ ոստիկանության համակարգում հանցագործությունները թաքցվել են, հաղորդումները չեն գրանցվել, իսկ շատերն էլ խուսափել են ոստիկանություն դիմելուց։

Այդ մասին է հուշում նաև վիճակագրությունը։ Եթե 2000-ին գրանցված հանցագործությունների թիվը հանրապետությունում եղել է 12,048, 2005-ին այդ թիվը նվազել է՝ հասնելով 8875-ի։ 2012-ից թիվը կրկին աճել է՝ դառնալով 15,776։

Իսկ արդեն 2018-ին գրանցված հանցագործությունների թիվը հասել է 22,551-ի։ Թե ինչո՞վ է պայմանավորված նման աճը, ոստիկանության նախկին պետ Վալերիյ Օսիպյանը բացատրել էր, որ ոստիկանությունում իսպառ վերացել է հանցագործություն թաքցնելը։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Վարդան Ղուկասյանի հայտարարությունը, որ իր քաղաքապետ աշխատած 13 տարվա ընթացքում Գյումրին ամենաոչկրիմինալ քաղաքն է եղել, հաշվի առնելով միայն իրեն և իր ընտանիքին առնչվող աղմկահարույց դեպքերը, իրականությանը չեն համապատասխանում, սակայն ըստ վիճակագրական պատկերի՝ հանցագործությունների թվով Շիրակի մարզը եթե 2000, 2001, 2002 և 2004 թվականներին երկրորդ հորիզոնականում էր, ապա մնացած 9 տարիներին տատանվել է 3-5-րդ հորիզոնականում, որը, սակայն, ոչ ամբողջական պատկերն է՝ հաշվի առնելով հանցագործությունները թաքցնելու տարիների փորձը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել