ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Իմ ելույթը «Իրավիճակը Սիրիայում. քաղաքական լուծման հեռանկարներ» վերտառությամբ զեկույցի քննարկման ընթացքում

«Շնորհակալություն, տիկին Բակոյանիս, Ձեր զեկույցի համար:
Սիրիայում ութ տարի տևող հակամարտությունը մարդկային իրական ողբերգություն էր, որը ծավալվեց հենց մեր աչքերի առջև: Այս հակամարտությունն ի ցույց դրեց, որ անվտանգության խաթարումն այս փոխկապակցված աշխարհի մի հատվածում անմիջականորեն ազդում է մյուս հատվածների վրա:

Ես ցանկանում եմ նշել, որ իմ երկիրը սրտի մեծ կսկիծով, ուշադրությամբ հետևում է Սիրիայում ընթացող գործընթացներին ոչ միայն այն պատճառով, որ այդ երկրում էին ապաստան գտել ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցները, այլև՝ զուտ մարդասիրական մտայնությունից ելնելով:

Չնայած վտանգներին, էսկալացիաներին՝ հակամարտության ողջ ընթացքում շարունակել են գործել Հալեպի մեր հյուպատոսարանը և Սիրիայի դեսպանատունը Դամասկոսում, քանի որ միշտ հավատացած ենք եղել, որ հակամարտության խաղաղ կարգավորումն ու մարդասիրությունն առաջնային են:

Հենց այս մարդակենտրոն մոտեցումն էր, որ, չնայած առկա բաժանարար գծերին, ուրվագծեց մեր որոշումը մասնագետների խումբ ուղարկել Սիրիա, որպեսզի վերջիններս իրականացնեն ականազերծում և տրամադրեն բժշկական օգնություն, քանի որ ականները կամ գնդակները անտարբեր են մարդկանց կրոնի, տարիքի, սեռի նկատմամբ:
Հայաստանը ապաստան է տվել Սիրիայից շուրջ 20,000 փախստականների, ինչը, կարծում եմ, կարևոր ավանդ է մարդասիրական ընդհանուր գործում: Այս հանգամանքում ես նույնիսկ չեմ անդրադառնա այն էժանագին մանիպուլյացիային, որ մեր ադրբեջանցի գործընկերներն են փորձում անել:

Եզրափակելով ելույթս՝ ցանկանում եմ ցավով նշել, որ այս դահլիճում կան անդամ երկրներ, որոնք հստակ չեն արձագանքում, որ ԻԼԻՊ-ի գործողությունները ցեղասպանություն են. սա լուրջ հարցականի տակ է դնում թե՛ մեր հիշողությունը, թե՛ մեր արժեքները:»