Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը միջնորդության փոխարեն պետք է վկայություն ներկայացնեին. կարծում է մարտի 1-ի զոհի այրին |armtimes.com|
15:25 - 19 հունիսի, 2019

Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը միջնորդության փոխարեն պետք է վկայություն ներկայացնեին. կարծում է մարտի 1-ի զոհի այրին |armtimes.com|

armtimes.com: Մարտի 1-ի զոհերից Հովհաննես Հովհաննիսյանի այրին՝ Լիլյա Մինասյանը, Վերաքննիչ դատարանում այսօր կարծիք հայտնեց, որ Արցախի գործող ու նախկին նախագահներ Բակո Սահակյանը եւ Ակադի Ղուկասյանը պետք է ոչ թե Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդություն ներկայացնեին դատարան, այլ հանդես գային որպես վկա ու պատասխանեին հարցին, թե ինչպես Ղարաբաղից զորք բերվեց Հայաստան:

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստում ելույթ ունենալով՝ Լիլյա Մինասյանը նշեց. «Հովհաննես Հովհաննիսյանի կինն եմ, որը զոհվել է 46 տարեկանում, որը կռվել է Ղարաբաղի համար, ունի պարգեւատրում, կարմիր գրքույկ: Ինքը պայքարել է Ղարաբաղի համար, բայց տեսեք իր հայրենիքում ղարաբաղցին կրակում է իր վրա: Ինչի համար, որ հերո՞ս է:

Նույնիսկ այնքան անխիղճ են գտնվել, որ զոհերի քառասունքի օրը տեղափոխեցին, սարքեցին 36 օր, քանի որ Սերժը իր կեղտոտ, արյունոտ ձեռքը պետք է դներ գրքի վրա: Նույնիսկ այդ պահը չեն հարգել: Ոնց կարելի է ներել, ես ինքս չեմ հասկանում: Ես մնացել եմ իմ երեխեքի հույսին, ինչու պետք է ես այդ տարիքում ամուսին կորցնեի, որ սպասեմ՝ ով ինձ պետք է պահի: Ինչու համար, որ հերո՞ս եմ ունեցել, որ պայքարե՞լ է: Ամբողջ կյանքում ինքը պայքարել է, որ Ղարաբաղը մերն է, մերը պետք է լինի, բոլորի հետ վիճում էր, որ մի կտոր հացը չէր փոխի ոչնչի հետ, միայն Ղարաբաղը մերը լինի, ու այսօր ինչի է հասել, հուշարձանի՞: Ինչու համար, որ լա՞վ մարդ է եղել, որ մեծատառով կոնդեցի՞ է եղել, որ մեծատառով ապարանցի՞ է եղել, որ այդ թասիբն ու նամուսը ունեցող մա՞րդ է եղել, որ ղարաբաղցի՞ չէր, որ ղարաբաղցին կարող էր իր հայրենիքի մեջ իրեն կրակե՞լ:

Ամեն արձանների մոտով անցնելիս ասում էր՝ ա՛յ, մարդ սենց պետք է հերոս լինի, ովքեր հերոս էին: Ինչի՞ համար, էսօր իր արձանը պետք է կանգնեցնե՞ն: Հերո՞ս, ինչի համար: Որ իմանաս պատերազմ է, որ իմանաս թուրքն է եկել, որ իմանաս ինչ-որ մեկի դեմն ես կանգնում, գնաս կռվես, իսկ այսօրվա օրով Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը չեն իմացել՝ ոնց է Ղարաբաղից զորք եկել Հայաստան, գալիս միջնորդություն են ներկայացնում: Ոչ, նրանք վկայություն պետք է ներկայացնեին՝ ոնց են զորք իջեցրել ներքեւ, ում դեմ, հայերի՞, հայը հայի՞: Ես չեմ հասկանում՝ հիմա թուրքին մեղադրեմ, թե հային: Ոչ թուրք են, ոչ հայ են»:

Մարտի մեկի զոհի իրավահաջորդ Լիլյա Մինասյանը հավելեց, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն, ամուսնու օրգանիզմում ալկոհոլ չի եղել, բայց չնայած դրան՝ Եվրադատարանին իշխանություններն այլ տեղեկություններ են տրամադրել: «Դատական բժիշկների եզրակացության մեջ գրված է՝ օրգանիզմում ալկոհոլ չկա, Աղվան Հովսեփյանը, Սերժ Սարգսյանը գրում են՝ հարբած է եղել: Նախ հարբածը ինքը մարդ է, երկրորդը՝ ինչ կապ ունի՝ ով է եղել, ու երրորդը՝ անատոմիկումը գրում է՝ օրգանիզմում ալկոհոլ չկա, ու պատասխանը նորից գնում է Եվրադատարան՝ հարբած է եղել: Ստին ի՞նչ ասես»,- դատարանին փոխանցեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել