panarmenian.net։ Facebook-ը և դրան պատկանող Instagram սոցցանցը հայտարարել են ԱՄՆ ավիահարվածի հետևանքով սպանված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիին սատարող գրառումները հեռացնելու մասին, տեղեկացնում է CNN-ը` ընկերության պաշտոնական հայտարարությանը հղումով։

Իրանի իշխանությունները որպես բողոքի նշան կոչ են արել քաղաքացիներին «համազգային դատական հայց» ներկայացնել Instagram-ի դեմ՝ հատուկ կառավարական պորտալ ստեղծելով, որտեղ Facebook-ի և Instagram-ի օգտատերերը կկարողանան տեղադրել այն գրառումների նմուշները, որոնք կհեռացվեն։

Իրանի ներկայացուցիչ Ալի Ռաբիյան Twitter-ի իր միկրոբլոգում Instagram-ի գործողությունները «ոչ դեմոկրատական» է անվանել։ Ըստ նրա` արգելափակելով «անմեղ իրանցիների» գրառումները, Facebook-ը ձայնի իրավունք է տալիս «իրական ահաբեկիչներին»։

«Մենք գործում ենք ըստ ԱՄՆ պատժամիջոցների մասին օրենքների, այդ թվում` կապված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և դրա ղեկավարության հետ»,- ասվում է Facebook-ի հայտարարությունում։