Ի՞նչ արժեքների կրող ենք մենք և պետությունը, և միթե կա ժողովրդավարական հեղափոխություն` առանց իրական արժեհամարգի

Մոտ անցյալում էր, երբ ընտրությունները հռչակվեցին սևերի և սպիտակների պայքար, իսկ կառավարող ուժն, ի դեմս վարչապետի, հայտարարեց իզմերի բացակայության մասին՝ վերացնելով քաղաքականությունը, վակուումը լցնելով բանսարկությամբ, զրպարտանքով և հայհոյախոսությամբ։ ՀՀ քաղաքացու համար անհասկանալի է, թե պետական համակարգը ո՞ր ուղությամբ է տանում երկիրը, կառավարման արդյունքում ինչպիսի՞ պետություն է կառուցվելու, և ամենակարևորը՝ ի՞նչ է դրանից շահելու քաղաքացին։ Կարծում եմ, որ այս պայմաններում քաղաքական մոդելների փնտրտուքը և դրա շուրջ քննարկումերն առավել կարևոր են, քան երբևէ: Կառավարող ուժի քաղաքական ձախողման հետևանքներն ակնհայտ են, հետևաբար հանրության ակտիվ և արդյունավետ լուծումեր գտնելու հորդորները պետք է լինեն նպատակային:

Ի՞նչ անել։

Կառավարող ուժը հայտարարել է ժողովրդավարական քաղաքականության մասին, սակայն չի պարզաբանել դրա հիմնարար հարցերը: Ինչպե՞ս հասնել սոցիալական արդարության: Ինչպե՞ս մերօրյա հասարակությունում վերացնել անձնական շահի և համերաշխության միջև առկա լարվածության մթնոլորտը: Ո՞րն է ազատության և հավասարության իմաստը ներկայումս «հայտարարված» սոցիալ-քաղաքական իրականության մեջ: Եվ ո՞րն է պետության դերն այս սկզբունքների կիրառման գործում:
Հայաստանի Հանրապետությունը իր քաղաքացու համար ոչ միայն պարտականություններ և իրավունքներ սահմանելու, այլ դրանով պայմանավորված՝ ապագային ուղղված առաքելության կարիք ունի։

Նշված պարզաբանումները տալու համար նախ և առաջ պետք է հռչակել իզմերի հեղափոխություն և բարեփոխումները իրականացնել հստակ ձևավորված արժեհամակարգի(իզմ) սահմաններում՝ կանոնակարգված, հստակ հայեցակարգով և ռազմավարությամբ։ Հիմնական իրավունքները պետք է ապահովեն հիմնարար սկզբունքների փոխանցումը դեպի իրավական դաշտ:

Ընդհանրապես հնարավոր չէ խոսել ժողովրդավարությունից և չունենալ արժեքներ։ Խոսելով իզմեր չկրելու մասին՝ կարող ես պնդել, որ ազատությունը քոնը չէ։ Եթե ազատությունը քոնը չէ, ապա ինչպե՞ս կառուցել ազատ հասարակարգ և ընդհանրապես մտածել անձի ազատության մասին։ Ստացվում է, որ անհեթեթություն է երազել ժողովրդավարության մասին առանց ազատության արժեքը կրելու։ Այդպես չէ՞։

Այս անհեթեթությունն է, որ թույլ է տալիս վախերի, բարդույթների և պատմականորեն պետականազուրկ կոլեկտիվ հիշողությունից սնվող զանազան, բազմազան և կեղծ արժեհամակարգ թելադրողներին խցկվել քաղաքական ասպարեզ։

Երբեմն, խոսելով արժեհամակարգից, տպավորություն է, որ զրուցակիցս չի հավատում կամ չի պատկերացնու, թե դա ի՞նչ է իրեն տալու և դա ինպե՞ս է նյութականանալու։
«Liberté, egalité, fraternité!- ազատություն, հավասարություն և համերաշխություն»։ Սրանք այն հիմնական կարգախոսներն էին, որոնք հնչում էին Ֆրանսիական հեղափոխության ժամանակ: Դ¬րանց ձևավորումը, որպես արժեհամակարգ, սկսվեց 19-րդ դարում՝ բուրժուազիայի առաջխաղացման հետ: Շուտով այդ գաղափարները գրավեցին ողջ աշխարհը, իսկ 20-րդ դարի կեսերից դարձան չափանիշներ, որոնցով չափվում էին պետությունները և հասարակությունները։

Ինչու՞։ Շատ պարզ․ դրանք այն հիմնական, պատմականորեն ձևավորված արժեքներն են, որոնք կրում է կամ որոնց ձգտում է մարդն իր զարգացման, գործունեության, հարաբերվելու և ընդհանրապես ապրելու համար։ Հենց այնպես չէ, որ այս արժեքների բացակայությունը բերում է ընդվզման և իրական հեղափոխությունների։ Պարզ ասած՝ մարդը չի կարող չլինել ազատ, տանել իր կամ դիմացինի նկատմամբ անարդարությունը և չհանդիսանալ սոցիումի մաս՝ որոշակի համերաշխ կամ խաղաղ ապրելու ձգտումով։
Հենց այնպես չէ, որ հիմնական արժեքները արտացոլվել են նաև Միացյալ ազգերի կազմակերպության իրավական փաստաթղթերի հիմքում: 1966թ. մարդու իրավունքների երկու համաձայնագրերում հիմական քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքները օրինականացվեցին և վավերացվեցին 2-րդ աշխարհամարտից հետո, որը նաև արժեհամակարգի նենգափոխման արդյունք էր։

Մեր երկրում, հիմնարար արժեքները թերի են մնում: Հետևաբար հարցը ոչ թե տեսական է, այլ օրհասական և անպայման պետք է դառնա հասարակության ներկայացուցիչների համար քաղաքական և սոցիալական հարաբերությունների քննարկման թեմա: Քաղաքական ուղղության որոշման ժամանակ հիմնարար արժեքները և դրանց իրականացումը հիմնական իրավունքների տեսքով քաղաքական կուրսի հաջողության գնահատման չափանիշներ են: Ուստի հարկավոր է այս արժեքները համաձայնեցնել հենց սկզբից:

Պետականության կայացման համար իզմերի՝ հասկանալու, քննարկելու և ներդնելու կարևորությունը առավել ակնհայտ ցույց տալու համար խոսենք օրինակներով։ Չեմ անդրադառնա յուրաքանչյուր արժեքի կենսափիլիսոփայական ընկալումներին, գաղափարներին և դրանց հակասություններին։ Չեմ մանրամասնի նաև այնպիսի կարևոր համադրումներն և անջատումները, որոնց գերապատվություն տալու աստիճանից կախված՝ իզմերից յուրաքանչյուրը կարող է ձևավորումներ, ընկալումներ, ուղղություններ տալ, ինչպիսիք են պահպանողականությունը, սոցիալ-դեմոկրատիան կամ լիբերալիզմը։

Սկսենք ազատությունից, որի արժեհամակարգային նկարագրությունները տեղ են գտել Լոքի, Ռուսոի, Մոնտեսքյոյի, Կանտի, Մարքսի, ինչպես նաև այլոց աշխատություններում։ Վերը նշված անձանցից յուրաքանչյուրը ունեցել է իր պատկերացումները և ընկալումները, որոնք անգամ այսօր արդի են և զարգացման հիմնաքարերն են։

Ազատությունը, որպես արժեք, ընդունում են գրեթե բոլոր երկրները, և ինչպես նշվեց վերևում, կախված ազատության մեկնաբանությունից, դրանից ածանցվող իրավունքներից և պարտականություններից, մենք կարող ենք ստանալ երկրի մոդել։ Անձին որոշակի ազատություն տալով կամ դրանք սահմանափակելով մենք ստանում ենք նաև այս կամ այն տեսակի տնտեսական համակարգ, որը ձևակերպում է տվյալ երկրի քաղաքականությունը։

Առավել ազատությունը, որը մենք անվանում ենք լիբերալիզմ, ավելի ցայտուն է ԱՄՆ-ում։ Միացյալ նահանգներում քաղաքական մշակույթը հստակ բնութագրվում է ազատության գերակա աստիճանով՝ ազատականությամբ, որը կարևորում է միայն անհատի ազատությունը: Ազատականությունը ԱՄՆ-ում չի ենթարկվել փորձությունների այլ արժեքների փիլիսոփայության կողմից, ինչպիսիք են պահպանողականությունը և սոցիալիզմը, և հնարավորություն է ստացել հռչակվելու որպես գերակա սկզբունք՝ չունենալով որևէ այլընտրանք: Այսօր էլ ամերիկյան հասարակությունում ազատությունն ամենագլխավոր ձեռքբերումն է, իսկ կառավարությունը գրեթե հնարավորություններ չունի և առանձնապես հակված էլ չէ ազդելու տնտեսության վրա, որի զարգացման գրավականը մնում է սովորականից ազատ անձը՝ իր արժանիքներով կամ հնարավորություններով։ Ուստի մասնավոր շահերը կարող են ունենալ էական ազդեցություն, լավ են կազմակերպված և ֆինանսապես  հզոր են:Նույնիսկ լայն խավեր ներգրավող շահերը, որոնք լավ չեն կազմակերպված, չունեն որևէ ազդեցություն: Դրանք արտահայտվում են առանձին լոբբիստական խմբերի և գործարար միավորումների ձևով, ինչպես նաև էթնիկ փոքրամասնությունների ազդեցությամբ: Արդյունքում՝ կուսակցությունների հիմնական գործունեությունը թեկնածուների համար ընտրարշավների կազմակերպումն ու հաջող անցկացումն  է: Կուսակցությունները կառավարական որևէ ծրագիր չեն ներկայացնում: Կոնգրեսում նրանք չնչին դեր են խաղում, քանի որ նախ՝ պետք չունեն սատարելու կառավարությանը, և երկրորդ՝ քվեարկում են՝ ելնելով ավելի շուտ անձնական, քան գաղափարական շահերից:

Հավասարություն-արդարություն արժեհամակարգը դիտարկելիս միանգամից պատկերացնում եմ Շվեդիան։ Հատկապես պետք է ընդգծել Շվեդիայում ձևավորված քաղաքական մշակույթը և շվեդական մենթալիտետը, որն անհիշելի ժամանակներից հիմնված է սոցիալական հավասարության գաղափարի վրա: Ականավոր սոցիալ-մշակութային աշխարհայացքը որոշում է համեմատաբար անկախ համայնքների կարևորությունը, որոնք դեր ունեն տեղական կյանքում:

Շվեդների ազգային գիտակցությունում մեծ դեր են խաղում տեղական ինքնակառավրման մարմինները: Այստեղ պետական ֆինանսները տրամադրվում են հավասարապես՝ բնակչության կենսամակարդակի միանման ստանդարտներ ապահովելու նպատակով: Հիմնական սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքները, քաղաքացիական իրավունքները և ազատությունները, Շվեդիայի Սահմանադրությամբ, ի տարբերություն մյուս հիմնական քաղաքական իրավուքների, ոչ թե իրավաբանորեն պարտավորեցնող են, այլ քաղաքական նպատակներ են, որոնց պետք է հասնել:

Սահմանադրության 2-րդ հոդվածը սահմանում է. «Անհատի անձնական, տնտեսական և մշակութային բարեկեցությունը պետք է լինի հանրային գործունեության հիմնական նպատակը: Մասնավորապես այն պետք է պարտավորեցնի հանրային վարչական միավորին երաշխավորել աշխատանքի, ապրելու և կրթության իրավունքը, ինչպես նաև աջակցի սոցիալական նպաստների և սոցիալական անվտանգության ապահովմանը և կյանքի բարեկեցիկ պայմաններ ստեղծելուն»:

Համերաշխության լավագույն արժեհամակարգի կրողներ կարելի է համարել ճապոնացիներին։ Ճապոնիան համարվում է այսպես կոչված «համերաշխ շուկայական տնտեսության» երկիր: Ձեռնարկությունների ցանցում առկա է փոխհամագործակցությունը՝ ներառյալ միջճյուղային խմբերը և ընտանեկան ընկերությունները: Այս խմբերը հայտնի են որպես «keiretsu»: Մասնագետների պատրաստման համակարգը, ինչպես նաև տեխնոլոգիաների փոխանակման գործընթացը նույնպես կազմակերպված են համաձայն «keiretsu» կառույցների:

Աշխատավորներին խրախուսվում է ձեռք բերել կոնկրետ մի շարք հմտություններ, որոնք նրանց կապահովեն կայուն աշխատանք: Արհեստակցական միությունները ևս կազմավորված են ձեռնարկությունների հիմքի վրա, ինչը ստեղծում է ձեռնարկության գործունեության հարցերին մասնակցության իրավունքի իրացման հնարավորություն: Ճապոնական ձեռնարկությունները ֆինանսավորվում են այնպիսի բանկային վարկերով, որոնք հնարավորություն են ընձեռում որոշակիության հասնել երկարաժամկետ պլանավորումերում՝ թույլ տալով կենտրոնանալ ձեռնարկության երկարաժամկետ զարգացման վրա:

Անհերքելի է, որ անկախության տարիներին իզմերի բացակայությունն է բերել այսօրվա խեղաթյուրված իրականությանը։ Անհերքելի է, որ մարդկանց որոշակի խումբ կամ անձ, պատսպարվելով ազգային-պահպանողական շղարշի ներքո, իրականում քրեաօլիգարխիկ սին արժեհամակարգի կրողն են հանդիսացել։ Իսկ այժմյան արժեքային համակարգի բացակայությունը պատճառ է, որ օլիգարխիան նոր ձևով ընդգրկվի քաղաքականության մեջ, ավելի թափով վերաթողարկվելու նկրտումով և ընձեռնված հնարավորություններով։
Դա է պատճառը, որ քաղաքացին բարեգործությունը դեռևս շփոթում է քաղաքականության հետ, իսկ անմիտ խոսքը միս ու արյուն է ստանում, դաշտ ձևավորում, ծնում այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են պողոսը, զոմբին, պիցցայակերը և այլն։

Դա է պատճառը, որ ժողովրդավարությունից խոսող և հակապետական մշակույթի դեմ պայքարող պետական գործիչը ընկել է իր իսկ լարած ծուղակը և, քաոսային ընթացքին զրո դիմադրություն ցույց տալով, առաջարկում է Ազգային Ժողովի փոխարեն  «լռվել բեսեդկայում»։

Նարեկ Ներսիսյան