Ինքնաթիռը եղել է սարքին, ներսում՝ լավագույն անձնակազմը. «Ուկրաինական ավիաուղիներ»-ի ներկայացուցիչների ասուլիսը |armtimes.com|

10:07 - 08 հունվարի, 2020

armtimes.com: «Վարկածների մասին մենք ոչինչ ասել չենք կարող, այդ հարցով կզբաղվեն հատուկ աշխատանքային խմբերը: Կան թեժ գծեր, որոնց միջոցով կարող եք տեղեկանալ ձեզ հուզող ցանկացած հարցի՝ կապված վթարի հետ»:

Այս մասին Կիեւի միջազգային օդանավակայանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեցին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ներկայացուցիչները՝ խոսելով Իրանում ուկրաինական ինքնաթիռի մասնակցությամբ տեղի ունեցած աղետի մանրամասներից:

Ներկայացուցիչները նախ խոսել են այն մասին, թե ինչո՞ւ իրենք եւ Կիեւի օդանավակայանը տեղյակ չէին պատահարի մասին, երբ մամուլում արդեն հարյուրավոր հրապարակումներ կային:

Բանախոսներից մեկը նշեց, որ իրենք չէին կարող հայտնել որեւէ տվյալ, քանի դեռ աղետի մասին պաշտոնական վարկած չկար: «Մենք ունեցել ենք տեղեկություն, այն ճշտել ենք մի քանի աղբյուրներով, որը ժամանակ է պահանջում: Ճշտելուց եւ պաշտոնական պատասխաններն ստանալուց հետո նոր մենք հայտարարություն ենք արել»,- ասել է ներկայացուցիչը:

Նշվել է, որ գործում է թեժ գծի հեռախոսահամար, որի միջոցով աղետի զոհերի բոլոր հարազատները, հետաքրքրված անձինք կարող են հարցեր ուղղել, պատասխաններ ստանալ ավիավթարի մանրամասներից:

«Մենք այս պահին կարող ենք ասել, որ ինքնաթիռը գտնվել է տեխնիկապես նորմալ վիճակում, ներսում եղել է մեր լավագույն աշխատակիցներով համալրված անձնակազմը: «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ն իրավունք չունի սեփական վարկածներ մշակել: Այժմ ստեղծվում է հատուկ հետաքննությունների բյուրո, որը կուսումնասիրի աղետի պատճառները»,- նշել է ներկայացուցիչը:

Ավիաուղիների աշխատակիցները նաեւ հայտնել են, որ սովորական չվերթ է եղել, եւ եթե ինքնաթիռի անսարքությունների մասին անգամ չնչին կասկածներ լինեին, այն օդ չէր բարձրանա, անձնակազմն էլ եղել է պրոֆեսիոնալ:

Առաջիկա մի ժամում ինքնաթիռի բոլոր ուղեւորների մասին տվյալները կհրապարակվեն, դրանցից յուրաքանչյուրը կփոխանցվի այն երկրին, որի քաղաքացի հանդիսացող ուղեւորներ կլինեն ցանկում: Ցանկը կհրապարակվի ավիաուղիների պաշտոնական կայքէջում:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել