azatutyun.am: Իրանը հայտարարել է, որ ՄԱԿ-ի միջուկային գործակալության հետ համագործակցությունը չի կարող շարունակվել անվտանգության նկատառումներից ելնելով:
«Իսրայելի ու ԱՄՆ-ի կողմից միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո Իրանից պետք չէ ակնկալել, որ կերաշխավորի գործակալության տեսուչների անվտանգությունը»,-ասել է Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։
Հունիսի 25-ին Իրանի խորհրդարանը կողմ քվեարկեց ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը կասեցնելու նախագծին՝ պատճառաբանելով, թե գործակալությունը չի դատապարտել Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումներն Իրանի միջուկային օբյեկտների վրա։ Նախագծով գործակալության տեսուչներին արգելվում է մուտք գործել միջուկային օբյեկտներ քանի դեռ, ինչպես պնդում է Թեհրանը, չի երաշխավորվում դրանց անվտանգությունը։ Ավելի ուշ ծրագրին հավանություն էր տվել Իրանի Սահմանադրական խորհուրդը։
Իրանն այս որոշումն ընդունեց Արևմուտքի հետ քաղաքական հակամարտության ամենաթեժ փուլերից մեկում։ Թեհրանը համարում է, որ գործակալությանը չեզոք չէ և Արևմուտքի կողմից որպես ճնշման գործիք է օգտագործվում։
comment.count (0)