news.am: Ես կարծում եմ, որ ինֆորմացիա են փնտրել, բայց փնտրելու ճանապարհը այնպիսին է, որ իր մեջ պարունակում է զգուշացում, որ երբ ուզենք, կմտնենք խմբագրություն և ցանկացած ինֆորմացիա կարող ենք վերցնել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ժողովուրդ» օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր, Աժ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ մեկնաբանելով «Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am կայքի խմբագրություն ներխուժելու դեպքը։

«Խոսեցի ոստիկանի հետ, պարզվեց ձեռնոցով են աշխատել, սա արդեն բացահայտում է,այսինքն՝ այնպես են արել, որ հնարավոր մատնահետքերը վերանան։ Չգիտեմ՝ ինչ են գտել, որովհետև աշխատողները չեն կարողանում ստուգել իրենց իրերը, արտաքուստ արժեքավոր իրերը տեղում են, եթե գողություն լիներ, այդ իրերը պետք է տանեին։ Ես կարծում եմ, որ ինֆորմացիա են փնտրել, բայց փնտրելու ճանապարհը այնպիսին է, որ իր մեջ պարունակում է զգուշացում, որ զգուշացեք, ուշադիր եղեք, որովհետև երբ ուզենք, կմտնենք խմբագրություն և ցանկացած ինֆորմացիա կարող ենք վերցնել։

Ես ավելի շատ սա համարում եմ զգուշացում և մարտահրավեր իրավապահ համակարգին, սա լուրջ խնդիր է խոսքի ազատությանը վնասող։ Ստացվում է, որ լրագրողը պետք է ինչ-որ բան գրի, նստի, սպասի, թե երբ են հյուրընկալվելու, ինչ-որ փաստաթուղթ տանեն, նյութ տանեն, ֆլեշկա փնտրեն և այսպիսի դատապարտելի գործողություններ»,-ասաց նա։

Թովմասյանը ենթադրեց՝ մտել են կամ պատուհանից կամ պատշգամբի դռնից, որովհետև գլխավոր դուռը փակված է եղել․ «Խոսել ենք այն աշխատակցի հետ, որը վերջինն է բալկոնի դուռը փակել, նա ասաց, որ ոչ միայն փակել է, այլ նաև ստուգել է, համոզվել է՝ արդյոք լավ փակվեց, այսինքն չկա տարբերակ, որ դուռը բաց է եղել»։

Նա ասաց նաև, որ տեսախցիկները ոչինչ չեն ֆիքսել․ «Տեսախցիկները չեն ֆիքսել, որովհետև ներքևի տեսախցիկի լարը կտրել, տարել են, իսկ վերևի տեսախցիկները անհասկանալի պայմաններում ոչինչ չեն ֆիքսել»։

Հարցին՝ կապո՞ւմ է այս դեպքը «Մարտի 1»-ի գործով ցուցմունքները հրապարակելու վերաբերյալ գործի հետ, Թովմասյանն ասաց․ «Ես կարող եմ դրա հետ կապել, որ ՀՔԾ-ն ցանկանում է ամեն կերպ լրագրողների աղբյուրները բացահայտել։ «Ժողովուրդ» օրաթերթը գրում և բացահայտում է ներքին ինֆորմացիաներ, և դա նյարդայնացնում է շատերին, օրինակ վերջին հրապարակումը եղել է Գագիկ Խաչատրյանի գործի մանրամասները, թե ինչ նամակ է քննվում, ինչ քրգործ է, հիմա ես չեմ կարող որևէ գործի հետ կապել, բայց սա ակնհայտ լրագրողներին զգուշացում էր»։

Նա ասաց, որ գլխավոր խմբագրի համակարգիչը դեռ չեն միացրել, բայց պետք է փորձագետները ուսումնասիրեն, թե երբ է այն միացվել, ինչ գործողություն է կատարվել։

Այսօր գիշերը ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am կայքի խմբագրություն: Ավելի վաղ 168.am-ը հայտնել էր, որ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնարիկ Մանուկյանի հեռախոսային զանգերը վերծանել է՝ փորձելով պարզել, թե ով է եղել ինֆորմացիայի աղբյուրը, որը լրագրողին է տվել «Մարտի 1»-ի գործով ցուցմունքները:

««Ժողովուրդ» օրաթերթը ս/թ մարտի 14, 15, 16-ին հրապարակեց գործում որպես վկա ներգրավված և հարցաքննված ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի, ՊՆ նախարարի նախկին տեղակալ Գուրգեն Մելքոնյանի և ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախաքննական ցուցմունքները: