aravot.am: Ազգային ժողովի նիստում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը դիմեց թեկնածու Հայկուհի Հարությունյանին։
«Մինչեւ հիմա ձեր հասցեին հնչող քննադատությունների առյուծի բաժինն այն էր, որ դուք բավական բարեհաճ վերաբերմունք ունեք իշխող ՔՊ խմբակցության եւ կուսակցության անդամ պաշտոնյաների նկատմամբ։ Մենք հիմա մի փոքր այլ իրավիճակի ենք կարծես թե ականատես լինում։ Եվ այս համատեքստում ուզում եմ կարճ մեջբերում անել Եվրամիություն-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի տարածած հայտարարությունից։ Այնտեղ խնդրահարույց է համարվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների թափուր պաշտոնների համալրման գործընթացը։ Եվ նշվել է, որ ՔՊ-ն որոշել է այդ պաշտոնում չընտրել առաջադրված թեկնածուներից Հայկուհի Հարությունյանին եւ նրան հրավիրելով ՔՊ փակ նիստին՝ խմբակցության մի քանի անդամներ նրան հիշեցրել են իրենց, իրենց ընտանիքների անդամների եւ իրենց ընկերների առնչությամբ կայացված որոշումները ու դժգոհությունները՝ այդպիսով դժգոհություն հայտնելով այդ առնչությամբ։ Ի՞նչ է տեղի ունեցել, ինչպիսի՞ ճնշումներ են այդ նիստի ընթացքում գործադրվել ձեր նկատմամբ։ Այսօր ես նկատում եմ նաեւ որոշակի ագրեսիվություն ձեր նկատմամբ, ինչ-որ կապ կա՞ մինչ նիստի պրոցեսի, նիստի ժամանակ տեղի ունեցած գործընթացների միջեւ, եւ հետո կհետեւենք նաեւ ընտրության պրոցեսին»,- ասաց Թագուհի Թովմասյանը։
Հայկուհի Հարությունյանն ասաց, որ ինքն ապաքաղաքական անձ է բոլոր առումներով։
«Ինչ վերաբերում է ձեր մատնանշած հայտարարությանը, ես խնդրում եմ, եթե հնարավոր է, որպեսզի բոլոր կասկածները փարատվեն, այդ բոլոր հնչած կամ հնարավոր հնչելիք հարցերը դառնան նաեւ հանրային սեփականություն: Ես ինքս պատրաստ եմ այդ հարցին պատասխանել, բայց նաեւ կարծում եմ, որ քննարկման մյուս կողմը եւս կարող է հերքել, հաստատել կամ այդ հարցի հետ կապված ցանկացած մանրամասնություն դարձնել հանրային քննարկման առարկա»,- ասաց Հայկուհի Հարությունյանը։
comment.count (0)