Թագուհի Թովմասյանը դիմել է դատարան՝ հանձնաժողովի նախագահի իր լիազորությունները վերականգնելու պահանջով
 |azatutyun.am|
12:37 - 24 հուլիսի, 2023

Թագուհի Թովմասյանը դիմել է դատարան՝ հանձնաժողովի նախագահի իր լիազորությունները վերականգնելու պահանջով |azatutyun.am|

azatutyun.am: Ընդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը դատարան է դիմել Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր լիազորությունները վերականգնելու պահանջով: Այս մասին այսօր հրավիրված ճեպազրույցի ընթացքում հայտնեց հենց ինքը՝ Թովմասյանը:

«Դատարանից պահանջում եմ վերականգնել իմ լիազորությունները, քանի որ այդ գործընթացը տեղի է ունեցել ծայրից ծայր ապօրինի, ես զրկված եմ եղել լսված լինելու իրավունքից, իսկ դա աշխարհում ամենապաշտպանված իրավունքներից մեկն է»,- ասաց պատգամավորը:

Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախկին ընդիմադիր նախագահը շեշտեց՝ ինքը նախապես անաշխատունակության մասին գրավոր տեղեկացրել է Ազգային ժողովի նախագահին՝ ակնկալելով, որ իրեն վերաբերող հարցը կհետաձգվի:

Հուլիսի 11-ին 62 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ, փակ-գաղտնի քվեարկությամբ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը զրկեց Թովմասյանին խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

Հիշեցնենք, որ ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն էր նախաձեռնել Թագուհի Թովմասյանին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում անվստահություն հայտնելու գործընթաց։ Աղազարյանը հայտնել էր, որ նախաձեռնությունը հանձնաժողովում ՄԻՊ թեկնածուի հարցի քննարկման «հայտնի նիստից» հետո է սկսել։

Նշենք, որ Աղազարյանի այս հայտարարությանը նախորդել էր Թագուհի Թովմասյանի ԱԺ ելույթը, որի ժամանակ հայտարարել էր, որ քաղաքական ակցիա է իրականացնում և ԱԺ ամբիոնից չի իջնի։ Ալեն Սիմոնյանը ներս էր հրավիրել անվտանգության աշխատակիցներին, որպեսզի հեռացնեն Թովմասյանին ամբիոնից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել