ՀՊՏՀ ռեկտորի ատենախոսության մեջ կան թարգմանաբար նյութեր օգտագործելու և սկզբնաղբյուրները չնշելու խնդիրներ․ Սմբատ Գոգյան
10:49 - 10 օգոստոսի, 2019

ՀՊՏՀ ռեկտորի ատենախոսության մեջ կան թարգմանաբար նյութեր օգտագործելու և սկզբնաղբյուրները չնշելու խնդիրներ․ Սմբատ Գոգյան

Բարձրագույն որակավորման կոմիտեի ղեկավար Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Ռուբեն Հայրապետյանը դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է 2015թ ապրիլի 16-ին՝ ՀՊՏՀ-ում գործող 014 մասնագիտական խորհրդում և սեպտեմբերի 15-ին ստացել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան։

Ամեն ինչ սկսվեց 2019թ մարտին, երբ ՀՊՏՀ պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը գրություն ուղարկեց Կրթության և գիտության նախարարություն, որին ի պատասխան ԲՈԿ-ը տվել է հետևյալ պատասխանը :

Պատասխանն ուղարկելուց հետո, նախարարի իմացությամբ զանգահարել եմ Գագիկ Վարդանյանին՝ ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար: Պարոն Վարդանյանն ասաց, որ դադարել է գիտամանկավարժական գործունեությունը և ցանկություն չունի այդ թեմայով զրուցել: Դրանից մի-քանի օր անց հանդիպեցի պարոն Վարդանյանին, որի ընթացքում նա հաստատեց իր դիրքորոշումը:

Դրանից հետո ամիսներ շարունակ օդի մեջ պտտվում էին լուրեր, որոնց արդեն լուրջ չէի վերաբերվում, մինչև հուլիսի 24-ին ԲՈԿ այցելեց դոցենտ Գագիկ Ասլանյանն ու ինձ հանձնեց փաթեթ, որում, ըստ իր վկայության, նշված էին Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսությունում թարգմանաբար օգտագործված կտորներն ու սկզբնաղբյուրները։ Նա ասաց, որ դա պարզապես ինձ է տալիս որպես ի գիտություն, այլ ոչ թե հաղորդում ԲՈԿ-ին։

Այդ մասին տեղյակ պահեցի նախարար Արայիկ Հարությունյանին, ով այդ ժամանակ արձակուրդում էր և Հայաստանում չէր: Նախարարը համակարծիք էր, որ պետք է եղելությունը ճշտել: Հավելեմ, որ դոկտորական ատենախոսության պաշտպանության ժամանակ այդ փաստերի մասին ԲՈՀ-ը տեղեկացված չի եղել, ի տարբերություն բազմաթիվ դոկտոր-պրոֆեսորների, որոնք ժամանակին տիրապետելով որոշակի փաստերի, տարիներ շարունակ լռել են: Չեմ պատկերացնում ԲՈՀ-ի կայացնելիք որոշումը, եթե 2015թվականի ամռանը տիրապետեր այդ նյութերին:

Ասուլիսից հետո՝ հուլիսի 30-ին, Ռուբեն Հայրապետյանն իր ֆեյբուքյան գրառման մեջ նշել է հետևյալը.

« ․․․ ատենախոսությանս տեսական՝ գրականության ամփոփման հատվածում նկատված հղումներին առնչվող խնդիրները անվանակոչելով «գրագողության փաստեր»՝ շատ լավ հասկանալով, որ այդ ամենն իմ հետազոտության իրական արդյունքների հետ էական կապ չունի»։ 

Համաձայն «ՀՀ գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի» համապատասխան դրույթի «Ատենախոսության մեջ հայցորդը պարտավոր է նշել այն հեղինակներին և աղբյուրները, որոնցից նա փոխառել է առանձին դրույթներ կամ նյութեր»։

Փաստացի, ոչ մի տարբերություն չկա, թե աշխատանքի որ մասում հեղինակը չի նշում սկզբնաղբյուրները։ Չնայած այդ ամենին, խնդիր առկա է աշխատանքի տարբեր հատվածներում։ Առկա են թարգմանաբար նյութեր օգտագործելու և սկզբնաղբյուրները չնշելու վերաբերյալ հավաստի թվացող նյութեր: Եթե ցանկություն է առաջանում պարզել, թե ի՞նչ բարդության է խնդիրը և ատենախոսության որ մասին է վերաբերում, կարծում եմ, կարիք կա փորձագիտական քննության:

Այժմ փորձագետի դիմելու իրավունք ԲՈԿ-ը չունի, քանի որ դոկտորի վկայական հանձնելուց հետո այդ խնդիրը դուրս է մեր լիազորությունների շրջանակից: Ամենուր հնչող կոչերը, որ ատենախոսությունը փորձագիտության ուղարկենք Հայ-ռուսական համալսարան անհեթեթ են և իրավական կարգավորումներից դուրս:

Հավելեմ, որ այս ընթացքում պետական մարմինների , անհատների և մեկ փաստաբանի կողմից հարցումներ են ուղարկվել, որոնց ԲՈԿ-ը տվել է և տալիս է հնարավորինս ամբողջական պատասխաններ: Բոլոր դիմումներն ու պատասխանները գրանցված են Mullbery համակարգում և կարող են ուսումնասիրվել յուրաքանչյուրի կողմից: Ցանկացած պաշտոնական հարցման տրվել է հնարավորինս ամբողջական և արագ պատասխան»:

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել