news.am: NEWS.am-ի խմբագրություն է ահազանգել ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Արփենիկ Մուրադյանը եւ պատմել, որ ՀՊՏՀ ղեկավարությունը իրեն օրեր առաջ աշխատանքից ազատել է՝ անձնական շահադիտական նպատակներից ելնելով։ Արփենիկ Մուրադյանի պնդմամբ՝ իրեն աշխատանքից ազատելու որոշումը կոռուպցիայի դրսեւորումներից է։
Ներկայացնում ենք Արփենիկ Մուրադյանի բաց նամակը.
«Ահազանգ
ՀՊՏՀ-ում կոռուպցիոն ռիսկերը բարգավաճում են
1978 թվականից աշխատում եմ ՀՊՏՀ-ում: Գիտամանկավարժական ողջ գործունեության ընթացքում մշտապես աշխատել եմ իմ հմտությունների, կարողությունների եւ ունակությունների կատարելագործման ուղղությամբ, ինչի մասին վկայում են բազմաթիվ վերապատրաստումները, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ռուսաստանի Դաշնությունում, եւ համապատասխան վկայագրեր ունեմ, շուրջ յոթ տասնյակ գիտական հրապարակումներ, այդ թվում միջազգային վարկանիշ ունեցող (Scopus, Ринц), աշխատանքային բոլոր պարտականություններս կատարել եմ պատշաճ մակարդակով, վայելում եմ ուսանողների եւ գործընկերներիս հարգալից վերաբերմունքը:
2019թ-ին մասնակցել եմ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի կողմից կազմակերպած մրցույթին եւ հաջողությամբ անցել եմ՝ հավաքելով համապատասխան միավորներ, ինչն ինձ հնարավորություն է տվել շարունակել աշխատանքը ՀՊՏՀ-ում:
2021թ.-ին եւս մասնակցել եմ մրցույթի, սակայն այս անգամ կազմակերպված ձեւով, այսպես կոչված՝ «փակ, գաղտնի քվեարկությամբ», մերժել են իմ դիմումը: Նման մոտեցման համար առիթ է հանդիսացել այն, որ ես նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի աջակիցն եմ եւ չեմ ստորագրել Դիանա Գալոյանին աջակցելու նպատակով ԿԳՄՍ նախարարին ուղղված նամակի տակ:
2022թ. հունիս-հուլիս ամիսներին բազմիցս դիմել եմ մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ պարոն Կարեն Գրիգորյանին, խնդրելով ներկայացնել, թե 2022-2023ուս.տարվա ինչ ծանրաբեռնվածություն է նախատեսել եւ մշտապես ստացել եմ անորոշ պատասխան (աշխատում ենք ծանրաբեռնվածության վրա եւ շուտով կտեղեկացնենք): Իսկ արդեն հուլիս ամսվա վերջին օրերին նշել է, որ այդ մասին կտեղեկացնեն արձակուրդից հետո (մեր արձակուրդն ավարտվում է օգոստոսի 24-ին): Մինչդեռ այդ տեղեկատվությունն ինձ անհրաժեշտ էր հնարավորինս շուտ, հետագա անելիքներս եւ ծրագրերս պլանավորելու համար (արդեն իսկ մտավախություն ունեի, որ ՀՊՏՀ ղեկավարությունը սուբյեկտիվ որոշում է կայացրել իմ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին):
Օգոստոսի 22-ին ՀՊՏՀ-ից ստացել եմ ծանուցագիր աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին: Վերոշարադրյալ բոլոր փաստերից եւ մեկնաբանություններից միանշանակ երեւում է, որ իմ նկատմամբ կայացված որոշումը խիստ սուբյեկտիվ է եւ բխում է ՀՊՏՀ ղեկավարության անձնական շահադիտական նպատակներից, ինչը կոռուպցիա եզրույթի դրսեւորումներից է:
Սուբյեկտիվ մոտեցման մասին է վկայում նաեւ այն փաստը, որ ամբիոնի վարիչ Կարեն Գրիգորյանը ամբիոնի ծանրաբեռնվածությունը բաշխել է սեփական հայեցողությամբ, ըստ էության հաշվի չառնելով որեւէ գիտականորեն հիմնավորված չափորոշիչ (խոսքը, բնականաբար, չի վերաբերում մրցույթով անցածներին): Մինչդեռ մեր ամբիոնում 0,5դրույք դասաժամեր են ստացել մարդիկ, ովքեր ՀՊՏՀ-ում զբաղեցնում են վարչական պաշտոններ, զուգահեռաբար զբաղված են նաեւ վճարովի որեւէ գիտահետազոտական աշխատանքում (փաստորեն ունեն 2,5 հաստիք զբաղվածություն): Ունենք նաեւ հիմնական դասախոս, ով մեկ դրույքով աշխատում է մեր ամբիոնում եւ այլ բուհում զբաղեցնում է վարչական պաշտոն: Եվ ամենացավալին այն է, որ այս բոլոր գործընթացներն իրականացվել են գաղտնիության պայմաններում՝ մինչեւ վերջին պահը ես տեղեկացված չեմ եղել, որ դասաժամեր չեն նախատեսել: Մինչդեռ որպես հիմնական աշխատող, նրանք պարտավոր էին այդ մասին տեղեկացնել երկու ամիս շուտ:
Իմ նկատմամբ խիստ ուղղորդված մոտեցման մասին է խոսում նաեւ այն փաստը, որ ամբիոնի մի քանի դասախոսներ այսօր պատրաստ են հրաժարվել իրենց հասանելիք ժամերից՝ 0,25 դրույքի չափով, սակայն ամբիոնի վարիչը դարձյալ մերժում է ինձ ժամեր տալ, պատճառաբանելով, որ ռեկտորի հրամանով է ինձ աշխատանքից ազատել: Ընդ որում, թեեւ ես ունեմ աշխատանքային պայմանագիր, մինչեւ 2022թ. օգոստոսի 31-ը, սակայն ըստ այդ պայմանագրի ես համարվում եմ հիմնական աշխատող, քանի որ 1978թ.-ից առ այսօր՝ անընդմեջ աշխատում եմ նույն կազմակերպությունում:
Վերոնշյալ բոլոր կետերը հիմնավորված են կոնկրետ փաստաթղթերով»։
Պարզաբանման համար NEWS.am-ը դիմել է ՀՊՏՀ, հասկանալու՝ Արփենիկ Մուրադյանի աշխատանքային պայմանագրի լուծարմանը հիմքը։
Մեր հարցմանն ի պատասխան ՀՊՏՀ–ից հայտնել են, որ Արփենիկ Մուրադյանի աշխատանքային պայմանագիրը լուծվել է ժամկետը լրանալու հիմքով:
«ՀՊՏՀ-ում 2021թ. Կենտրոնական բանկի հետ համատեղ ամբողջությամբ վերանայվել եւ արդիականացվել են մի շարք կրթական ծրագրեր, այդ թվում՝ «Մակրոտնտեսական վերլուծություն» կրթական ծրագիրը, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել նշված ամբիոնի ակադեմիական կազմում ներգրավել պետական քաղաքականության ոլորտում աշխատող մասնագետներ: Արդյունքում, մասնագետներ են ներգրավվել Ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչությունից»,– ասել են Տնտեսագիտական համալսարանից։
Համալսարանից հերքել են, թե Դիանա Գալոյանին աջակցելու նպատակով ԿԳՄՍ նախարարին ուղղված նամակի տակ չստորագրելը կապ ունի Մուրադյանին աշխատանքից ազատելու հետ.
«ՀՊՏՀ-ում որեւէ աշխատակից, քաղաքական, անձնական կամ այլ՝ ոչ աշխատանքային գործոններով պայմանավորված, աշխատանքից չի ազատվել եւ չի ազատվում: ՀՊՏՀ աշխատակիցների կողմից ԿԳՄՍ նախարարին նամակ է ուղղվել 2020թ., որից հետո Ա. Մուրադյանը անխոչընդոտ աշխատել է ՀՊՏՀ-ում 2 ուսումնական տարի շարունակ եւ աշխատանքից ազատվել է բացառապես վերեւում բերված պատճառներով»։
Տնտեսագիտական համալսարանից նշել են նաեւ, որ թե 2019 թվականին եւ թե 2021 թվականին գիտական խորհուրդը դեմ է քվեարկել Արփենիկ Մուրադյանի դոցենտի պաշտոնում ընտրվելուն:
comment.count (0)