pastinfo.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ նրան անհապաղ ազատ արձակելու միջնորդության մերժման որոշման դեմ, մակագրվել է դատավոր Մհեր Արղամանյանին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի դատական նիստին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդել էին անհապաղ վերացնել Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Պաշտպանության կողմն ամբողջովին միացել էր ներկայացված միջնորդությանը, իսկ մեղադրող և տուժող կողմերը առարկել էին դրա դեմ։
Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը սեպտեմբերի 17-ին որոշել էր մերժել միջնորդությունը: Դատարանի այս որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան:
Ըստ դատական-տեղեկատվական համակարգի՝ գործը դատավոր Արղամանյանին է մակագրվել սեպտեմբերի 25-ին:
Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով՝ 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ:
comment.count (0)