Ղրղզստանում ներքաղաքական լուրջ իրադարձություններ են տեղի ունենում |uic.am|
11:02 - 02 հուլիսի, 2019

Ղրղզստանում ներքաղաքական լուրջ իրադարձություններ են տեղի ունենում |uic.am|

Եվրասիական տարածաշրջանի առանձին երկրներում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներն առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում, քանի որ այդ երկրներն անմիջական ազդեցություն ունեն այն ինտեգրացիոն կառույցների վրա, որոնց անդամակցում է նաև Հայաստանը։

Ղրղզստանում վերջին ամիսների զարգացումները, մասնավորապես, կարող են որոշակիորեն ապակայունացնել այդ երկիրը, ինչը, անշուշտ, Հայաստանի իշխանություններից կպահանջի հատուկ զգոնություն ու հավասարակշռվածություն ցուցաբերել այդ հարցում։

Ի՞նչ է տեղի ունենում

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը մեղադրվում է կոռուպցիոն բնույթի մի շարք հանցագործությունների համար, այդ թվում՝ Բիշքեկի ջերմաէլեկտրակայանի վերանորոգման ընթացքում կատարված չարաշահումների, հողերի ապօրինի բաշխման և կեղծ փաստաթղթերի միջոցով քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի ազատ արձակման համար։ Բացի սա, Աթամբաևին մեղադրում են իշխանությունը բռնազավթելու և քաղաքական այլախոհների նկատմամբ ճնշումներ գործադրելու մեջ։

Հատկանշական է, որ Աթամբաևի նկատմամբ իրավական հետապնդումները նախաձեռնել է Ղրղզստանի ներկայիս նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, որը երկրի նախագահ է ընտրվել 2017 թվականի աշնանը տեղի ունեցած ընտրությունների արդյունքում։ Ընդ որում, Ժեենբեկովին ընտրությունների ժամանակ աջակցել է հենց Աթամբաևը, և համարվում էր, որ Ղրղզստանում տեղի է ունեցել իշխանության փոխանցման մի սցենար, որի դեպքում իշխող էլիտան պահպանել է իր դիրքերը։

Հետագա իրադարձությունները, սակայն, հուշում են, որ Ղրղզստանում տեղի են ունենում ներքին լուրջ խմորումներ։ Աթամբաևի մի շարք նախկին թիմակիցներ ներկայում անցնում են տարբեր քրեական գործերով։ Մասնավորապես, կալանավորված են նախկին վարչապետներ Սապար Իսակովը և Ժանտորո Սատիբալդիևը, նախկին գլխավոր դատախազը, փոխվարչապետը և այլք, իսկ նախկին առաջին փոխվարչապետ Ասկարբեկ Շադիևը փախել է ԱՄՆ, սակայն Ղրղզստանում նրան հեռակա դատապարտել են 10 տարվա ազատազրկման։

Անձամբ Ալմազբեկ Աթամբաևի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար գործող նախագահ Ժեենբեկովը մայիսին ստորագրել է նախկին նախագահներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրենք։ Համաձայն այդ օրենքի, նախկին նախագահին անձեռնմխելիությունից կարող է զրկել և մեղադրանք առաջադրել խորհրդարանի հատուկ հանձնաժողովը, ինչը և տեղի է ունեցել հունիսի 27-ին։ Ղրղզստանի դատախազությունը, սակայն, ընդունել է Աթամբաևին առաջադրված մեղադրանքների միայն մի մասը։ Այդուհանդերձ, եթե Ղրղզստանի նախկին նախագահը մեղավոր ճանաչվի պատգամավորների նշած հանցանքներում, ապա նրան կարող է սպառնալ ցմահ ազատազրկում։

 

Ավելին՝ uic.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել