azatutyun.am: Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը երեկ կայացած ընտրությունների երկրորդ փուլում մեծ առավելությամբ հաղթել է իր մրցակից՝ Սոֆիայի համալսարանի ռեկտոր Անաստաս Գերջիկովին։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալներով՝ Ռադևը հավաքել է ձայների մոտ 68 տոկոսը, Գերջիկովի օգտին քվեարկել է ընտրողների մոտ 32 տոկոսը։
Խորհրդարանական և նախագահական միասնական ընտրություններն անցկացվում էին նոյեմբերի 14-ից, երեկ կայացել է նախագահական ընտրության երկրորդ փուլը։
Ընտրություններն անցել են իշխանական կառույցներում առկա կոռուպցիայի դեմ հասարակական դժգոհության մթնոլորտում։ Խորհրդարանական ընտրություններում այս դժգոհությունն արտահայտվեց նոր հակակոռուպցիոն կուսակցության հաղթանակով նախկին վարչապետ Բոյկո Բորիսովի կողմնակիցների նկատմամբ։
Անաստաս Գերջիկովը շնորհավորել է ընտրություններում հաղթողներին, հույս հայտնել, որ առաջիկա 5 տարիներին նրանց խոստումները կիրականանան։ Նա նաև հայտարարել է քաղաքականությանը չմասնակցելու և համալսարանում աշխատանքի վերադառնալու իր մտադրության մասին։
comment.count (0)