pastinfo.am: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։
Հիշեցնենք, որ քիչ առաջ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բացարկ հայտնեցին դատավորին եւ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին՝ նշելով, որ սույն դատարանը չի կարող սույն գործով լինել պատշաճ դատարան։ Պաշտպանական կողմն ամբողջությամբ միացավ միջնորդությանը։
Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանի խոսքով՝ պաշտպանները փաստարկներ ներկայացրրին, որոնք վիճարկում են Քոչարյանին առաջադրված մեղադրանքը՝ փորձելով ցույց տալ, որ առանձին հանգամանքներ դատարանում քննվել չեն կարող․ «Սակայն հրամանագիրը, որ պրն Ալումյանը շեշտեց, քրեական գործով ապացուցված է, որ ընդունվել է հանցավոր պայմաններում, ուստի պետք է քննվի այդպիսի գործեր քննող դատարանի կողմից»։
Գեւորգ Բաղդասարյանը նշեց, որ իրենք եւս չեն մասնակցել դագործի՝ այլ դատավորի մակագրման գործընթացին․ «Բայց արդար դատաքննության իրավունքը պահաջում է, որ մակագրումը տեղի ունենար այնպես, ինչպես մյուս բոլոր գործերով։ Իսկ այն պնդումը, թե դատարանի նկատմամբ վստահությունը կմեծանար, եթե դրան մասնակցեին զլմ-ները, անհիմն է։ Չի կարելի դատարանի անվստահության հիմքով կասկածի տակ դնել ամեն ինչ»։
Անդրադառնալով պաշտպանական կողմի այն դիտարկմանը, թե խափանման միջոցի հարցով որոշում կայացնելիս դատարանը պարտավոր էր ապահովել մեղադրյալի լսված լինելու իրավունքը, դատախազը նշեց, որ այն ապահովվել է․ «Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում կալանավորման հարցը քննարկվել եւ որոշում է կայացվել։ Այդ հարցը քննարկվել է նաեւ Վերաքննիչ դատարանում, ուստի օրենքի այդ պահանջը պահպանվել է»։
Երեւան քաղաքի դատախազը եզրափակեց՝ ասելով․ «Մենք ձեր կողմից սույն գործի քննությունը անհնարին դարձնելու փաստարկ չունենք, նման փաստարկից տեղյակ չենք, եւ կարծում ենք, որ պաշտպանական կողմը եւս նման փաստարկ չներկայացրեց»։
Ինքնաբացարկի միջնորդության դեմ առարկությանը միացավ նաեւ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը․ «Քրեական դատավարության օրենսգրքից բացի դատական օրենսգիրքը հստակ սահմանում է դատական գործերի բաշխման գործընթացը, ինչի վերաբերյալ հստակ կարգ է սահմանվել ԲԴԽ-ի կողմից։ Այդ սահմանված կարգում չկա գեթ մեկ ընթացակարգ, ինչը հնարավորություն կտա անձանց ներկա գտնվել այդ գործընթացին, ավելին, որեւէ մեկի մասնակցությունը դրան քրեորեն հետապնդելի է։ Ուստի պաշտպանների պնդումը, թե իրենք չեն մասնակցել գործի վերաբաշխմանը, իրավական հիմնավորում չի կարող ունենալ»։
Անդրադառնալով պաշտպանների այդ պնդմանը, թե գործով պատշաճ դատավոր արդեն իսկ կա, եւ նա Դավիթ Գրիգորյանն է, Պետրոս Պետրոսյանն ասաց․ «Նույն տրամաբանությամբ՝ եթե այն ժամանակ եւս պաշտպանական կողմը գործի բաշխման գործընթացին չի մասնակցել, ապա ինչու նույն հիմքով Դավիթ Գրիգորյանը եւս չէր կարող լինել ոչ պատշաճ դատարան։ Այսինքն՝ այս հիմնավորումը խիստ սուբյեկտիվ է»,-ամփոփեց մեղադրող դատախազը։
comment.count (0)