Մեր որդիները բռնարար չեն մեծանալու, մեր դուստրերը բռնության զոհ չեն դառնալու․ Միքայել Նահապետյան
13:35 - 03 հուլիսի, 2019

Մեր որդիները բռնարար չեն մեծանալու, մեր դուստրերը բռնության զոհ չեն դառնալու․ Միքայել Նահապետյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սարսափելի ու հրեշավոր են #բռնության_ձայնը շարքում ներկայացված կանանց պատմությունները բռնաբարությունների ու այլ սեռական ոտնձգությունների մասին։
Ցավոք, մեր հանրության բոլոր առաքինություններով հանդերձ, մեր մեջ ևս ապրում են գազաններ, որոնք օգտվում են «ձևավորված ավանդույթներից», զոհերի լռությունից ու գործում են ազատորեն։

Կարծում եմ, որ ապրումակցելուց զատ անհրաժեշտություն կա այս խնդրով իրավապահ համակարգում լրջագույն ռեֆորմներ իրականացնել։
Մասնավորապես.

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և մարզային վարչությունների, Քննչական կոմիտեի կազմերում ստեղծել բացառապես այս տեսակ գործերով զբաղվող մոբիլ ու մասնագիտական լավ կրթություն ստացած առանձնացված ստորաբաժանումներ, որոնք որևէ այլ տեսակի գործերի քննությամբ չեն զբաղվի, իսկ մյուս ստորաբաժանումները սեռական բռնության գործերի քննությամբ չեն զբաղվի։ Դատական ատյաններում ստեղծել այս տեսակ գործերի քննությամբ մասնագիտացված պալատներ։

Քրեադատավարական ընթացակարգերի փոփոխությամբ բռնության զոհերին ազատել բազմակի քննչական գործողությունների, առերեսումների մասնակցելու պարտավորություններից, եթե տվյալ քրեական գործի առանձնահատկությամբ չի հիմնավորվում, որ առանց այդ գործողություններին տուժողի մասնակցության վարույթն իրականացնող մարմնը որևէ այլ ձևով չի կարող ձեռք բերել պահանջվող ապացույցները։ Այսպիսով ներդնել «մեկ ցուցմունք, մեկ դատաբժշկական փորձաքննություն» մոդելը և տուժողի բուն մասնակցությունը թողնել դատավարության փուլին։

Մեղադրական դատավճռի ուժի մեջ մտնելուց հետո, բացառությամբ դատապարտյալի և նրա պաշտպանների, որևէ մեկի կողմից հիշյալ հանցանքի փաստը կամ դրանում դատապարտյալի մեղավորությունը հերքելը, տուժողի պատիվն ու արժանապատվությունը նսեմացնող կեղծ տեղեկություններ տարածելը, նրան դրդչության մեջ մեղադրելը ճանաչել զանցանք և կիրառել վարչական պատասխանատվություն։
Մենք մեր միջից կսրբենք, կջնջենք այդ աղտը, որ կոչվում է բռնություն։ Մեր որդիները բռնարար չեն մեծանալու, մեր դուստրերը բռնության զոհ չեն դառնալու։»

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել