«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը «Հայաստանում իշխանությունը պատկանում է Հ1-ին և NDI-ին․ նրանք այդ իշխանությունը իրացնում են հանրային կարծիքի մանիպուլացման տեխնոլոգիաներով» վերնագրով ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է Հանրային հեռուստաընկերության եթերում սպասվելիք նախընտրական բանավեճերի թեմային՝ դրանց ձևաչափը բնութագրելով որպես ծայրահեղ վիրավորական, արհամարհական ու անարդարացի բոլոր նոր քաղաքական ուժերի համար։ Նա, մասնավորապես, ասել է․
«Հանրային հեռուստաընկերությունը NDI-ի հետ, որն ամերիկյան ֆոնդ է և հիմնականում քաղաքականությանն աջակցող գործունեություն է իրականացնում, նախընտրական բանավեճերն է կազմակերպում։ Բանավեճերի մի ֆորմատը նախատեսված է նախընտրական ցուցակներում ընդգրկված 2-10 համարների թեկնածուների միջև։ Մասնակցող 26 ուժերին բաժանել են երկու խմբի, և ընտրվել է հետևյալ սկզբունքը․ ԿԸՀ-ում քաղաքական ուժը քվեաթերթիկի ինչ համար որ քաշել է վիճակահանության արդյունքով, այդ 1-13 համարները մի խմբում են, մյուսները՝ երկրորդ խմբում։ Երկրորդ ֆորմատը ցուցակների առաջին դեմքերի բանավեճն է»,- ներկայացրել է ՔՈ ՍԴԿ անդամը։
Նա պարզաբանել է, որ որ այս ձևաչափում ևս երկու խումբ է ձևավորվել, սակայն այստեղ արդեն բաժանման սկզբունքը փոխվել է։
«Բոլորդ տեսաք, որ այն ընթացքում, երբ պետք է կայացվեր այս որոշումը, թե ով ում հետ է բանավիճելու, Նիկոլ Փաշինյանը հրապարակային վստահորեն հայտարարեց, թե Հ1-ի եթերում սպասում է էս, էս մարդկանց, իրենց հետ պետք է բանավիճի։ Նախնական տարբերակը, որ կարող էր վիճակահանություն լինել կամ այբբենական կարգով արվեր բաժանումը, մի կողմ դրվեց։ Նիկոլ Փաշինյանը պատվեր տվեց, որ այս, այս, այս մարդիկ պետք է իր խմբում լինեն, որից հետո հարց առաջացավ, թե ինչ սկզբունք պետք է ընտրել, որ այդ մարդիկ ընկնեն նույն խմբում»,- ասաց Միքայել Նահապետյանն ու ավելացրեց, որ արդյունքում ընտրվեց մի խայտառակ, անարդարացի մեթոդ։
«Որոշվեց՝ որ կուսակցություններն ավելի վաղուց են գրանցում ստացել, մի լիգա պետք է լինեն, ավելի նոր գրանցված կուսակցությունները՝ մի լիգա։ Հետո խնդիր է ծագել, որովհետև այս տրամաբանությամբ՝ Փաշինյանի ակնկալած մրցակիցներից երկուսը դաշինքներ են, որոնք մի ամիս առաջ են գրանցվել։ Ու այստեղ երկրորդ սկզբունք է դրվել, որ եթե խոսքը դաշինքներին է վերաբերում, ոչ թե դաշինքի գրանցման ամսաթիվն է հաշվի առնվում, այլ դաշինքում առկա կուսակցություններից ամենահնի։ Սրանով լուծվել է այն հարցը, որ Նիկոլ Փաշինյանը կարողանա բանավիճել այն մարդկանց հետ, որոնց ավելի հարմար մրցակից է համարում, որպեսզի նորից սև ու սպիտակի բաժանում անի»,- նշեց Նահապետյանը։
Նա ընդգծեց, որ քաղաքական այդ պատվերը կատարել են Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը և որքան էլ իր համար ցավալի է՝ NDI-ը։
«Կազմակերպիչները հստակ գիտեն, որ առաջին դեմքերի դեբատի դիտման ընթացքում մարդը կողմնորոշվելու է՝ կա՛մ գործող կառավարության կողմ, կա՛մ նախկին կառավարությունների, կա՛մ նոր ուժի, որը երբևէ չի կառավարել։ Եվ հիմա, փաստորեն, կա 13 քաղաքական ուժ, որը ոչ մի հնարավորություն չունի բանավիճելու Հայաստանն էս վիճակի հասցրած կառավարություններից ոչ մեկի հետ։ Այսինքն՝ օդի մեջ խոսակցություն է լինելու, դու խոսելու ես խնդիրների մասին, քեզ հակադարձողն այդտեղ չլինի»,- ասաց նա։
Միքայել Նահապետյանի խոսքերով՝ իսկ մի քանի օր առաջ գրանցված կուսակցության հետ, որն օբյեկտիվորեն չէր կարող քաղաքական ճիշտ և սխալ քայլերով ճանապարհ անցնել, ծրագրերի, կարծիքների հարաբերելու բան չկա։
«Այսինքն՝ պաշտոնապես այս սկզբունքն ընտրվել է հետևյալ տրամաբանությամբ՝ քաղաքական ոչ մի նոր ուժ չպետք է հնարավորություն ունենա, Հայաստանում ընտրանքը պիտի լինի նախկինում գործած ուժերի միջև։ Սա ծայրահեղ վիրավորական, արհամարհական, անարդարացի ֆորմատ ու վերաբերմունք է բոլոր նոր քաղաքական ուժերի համար։ Բանավեճերը, որոնք ընտրական ժողովրդավարության կարևոր կոմպոնենտ են, այս որոշումով վերածվում են ձևական ժողովրդավարության, թատրոնի»,- նշել է «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչը։
Միքայել Նահապետյանը նաև հայտնել է իրենց կուսակցության դիրքորոշումը, որ այս տրամաբանության մեջ բանավեճին մասնակցելու իմաստ «Քաղաքացու որոշում»-ը չի տեսնում։ Իսկ քաղաքացիներից ու մյուս 12 քաղաքական ուժերից ակնկալել է, որ իրենց ձայնը բարձրացնեն ընդդեմ անարդարացիության։
comment.count (0)