Նախարարի ուղեկցությամբ Ղազախստանի վարչապետը այցելել է «Թումո» կենտրոն
18:05 - 30 ապրիլի, 2019

Նախարարի ուղեկցությամբ Ղազախստանի վարչապետը այցելել է «Թումո» կենտրոն

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում Երևանում գտնվող Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ ապրիլի 30-ին այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

Կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը հյուրերին ներկայացրել է «Թումո»-ի հնարավորությունները, ծանոթացրել ստեղծված պայմաններին, կրթական ծրագրում ընդգրկված 4 ուղղություններին` թվային մեդիա, խաղերի ստեղծում, անիմացիա, կայքերի մշակում: Նշվել է, որ 12-18 տարեկան պատանիներն այստեղ սովորում և զարգացնում են իրենց հմտությունները` ստեղծելով սեփական նախագծերն ու ծրագրերը։

Հյուրերը շրջել են ուսումնական տարածքով, զրուցել սաների հետ: Թումոյականների ուժերով ստեղծված «Հիփ- հոփ» ֆոլք համույթը փոքրիկ երաժշտական կատարում է ներկայացրել։

Ասկար Մամինը ծանոթացել է նաև «Թումո»-ում գործող ռոբոտաշինության խմբակի գործունեությանը։ Այստեղ բարձրաստիճան հյուրին ներկայացրել են իրենց ձեռքբերումները, նշվել է, որ սաների թվում միջազգային մրցույթի բրոնզե մեդալակիր ունեն։ Թումոյական ուսանողների ստեղծված «Yelling» ստարտափում էլ, որը անիմացիաներ է ստեղծում, ներկայացվել են գործունեության առանձնահատկություններն ու շրջանակները։

Մարի Լու Փափազյանը տեղեկացրել է նաև, որ Հայաստանում արդեն նմանատիպ 4 կենտրոն է գործում։ Ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ են բացվել նաև Փարիզում և Մոսկվայում ապրող հայ երեխաների համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել