Նոր օրենսդրությունը թույլ է տալիս զգալի նվազեցնել ծխողների թիվը. Լենա Նանուշյան
07:47 - 26 հոկտեմբերի, 2019

Նոր օրենսդրությունը թույլ է տալիս զգալի նվազեցնել ծխողների թիվը. Լենա Նանուշյան

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է, թե ինչպես է Նեպալին հաջողվել կանգնեցնել ծխախոտային արդյունաբերության միջամտությունը ազգային օրենսդրության մշակման գործում:

Հայտնի է, որ բոլոր երկրներում ծխախոտային արդյունաբերությունը մեծ գումարներ է ծախսում ծխախոտի վերահսկման ազգային օրենսդրությունը խոչընդոտելու, հետաձգելու և թուլացնելու համար:

Նույն ռազմավարությունը կիրառվեց նաև Նեպալում՝ ցածր եկամուտ ունեցող հարավասիական մի հանրապետությունում, որը դժբախտաբար հայտնի է տարբեր ոլորտներում կոռուպցիայի բարձր մակարդակով, թույլ հանրային կառավարման համակարգով, շարունակական քաղաքական հուզումներով և կործանարար երկրաշարժից հետո տնտեսության վերականգման ցածր տեմպերով: Այս հատկանիշներով բնորոշվող երկրները հեշտ թիրախ են ծխախոտային արդյունաբերության գործունեության համար:

Վերջինս կիրառեց բոլոր հնարավոր հնարները ծխախոտի օգտագործումը կարգավորող համապարփակ օրենսդրության ընդունումը կասեցնելու համար (օրենսդիր պատգամավորների և քաղաքական առաջնորդների համար արտասահմանյան շրջագայությունների ապահովում, ֆինանսական աջակցություն նախընտրական քարոզարշավերին, հակածխախոտային շարժման ջատագովներին և իրենց ընտանիքների անդամներին գումարների խոստումներ և մահվան սպառնալիքներ հեռախոսային զանգերի և կարճ հաղորդագրությունների միջոցով, ծխախոտային ֆերմաների (Նեպալի գյուղատնտեսական հողերի ընդամենը 0.04%-ը) և ծխախոտի վաճառքից ստացված եկամտի կարևորության մասին տեղեկատվության խեղաթյուրում):

Բացի այդ, այն մեծ «սիրով» աջակցում և խթանում էր Նեպալում քննարկվող օրինագծի թերի տարբերակը, որը միայն մասամբ էր կարգավորում տվյալ ոլորտը:

Ծխախոտային արդյունաբերությունը առաջ էր քաշում երեք հիմնական թեզեր.

Այլ երկրներում հաջողած ծխախոտային օրենսդրությունը տապալվելու է Նեպալում,
Նոր օրենսդրության ազդեցությունից երկիրը կորցնելու է եկամուտ և աշխատատեղեր,
Նախընտրելի է կիրառել առավել թույլ օրենսդրական կարգավորումներ:
Սակայն գրագետ ռազմավարության և համաձայնեցված հստակ քայլերի միջոցով հակածխախոտային պայքարի ջատագովներին հաջողվեց թույլ չտալ արտասահմանյան, մեծահարուստ մասնավոր ընկերությանը ազդել ազգային օրենսդրության մշակման վրա: Եվ չնայած ծխախոտային արդյունաբերությանը հաջողվեց ուշացնել նոր օրենսդրության ընդունումը, վերջնական արդյունքում, միևնույն է, այն պարտություն կրեց:

Արդյունքում, 2011 թվականին ընդունվեց ծխախոտի համապարփակ օրենսդրությունը, որը սահմանեց զգուշացնող 75%-ոց փաթեթավորումը, հանրային վայրերում և աշխատատեղերում ծխելու արգելքը (պաշտպանություն երկրորդային ծխից), ծխախոտի գովազդի, առաջխաղացման, և հովանավորչության արգելքներ, որոնք սահմանված են Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային շրջանակային կոնվենցիայով (Հայաստանը ստորագրել և վավերացրել է կոնվենցիան 2003 թվականի մայիսին), ինչպես նաև ծխախոտային արտադրատեսակների «առողջության» հարկումը:

Նոր օրենսդրության հիմնավորումը շատ պարզ էր. հանրային առողջությունը առավել կարևոր է, քան ծխախոտային արդյունաբերությունից ստացված եկամուտը: Նոր կարգավորումները ուժի մեջ մտան նախագահի ստորագրումից 90 օր անց:

Նեպալի հաջողության կարևոր գրավականներից էր այն փաստը, որ իրենք կիրառեցին ապացուցողական գիտական հիմք ունեցող փաստերը և միջազգային հեղինակավոր առողջապահական կազմակերպությունների կողմից սահմանված մարդակենտրոն մոտեցումները:

Եվ եթե հաշվի առնենք, որ Նեպալը վավերացրել է Կոնվենցիան Հայաստանից ավելի ուշ, հնարավոր չէ չնշել, որ մեր հանրապետությունը զգալի ետ է մնացել ոչ միայն տարածաշրջանի (Վրաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս), այլև շատ այլ ցածր եկամուտ ունեցող և նույնիսկ առավել կոռումպացված, ավելի թույլ հանրային կառավարման մեխանիզմներով և ինստիտուցիոնալ կառուցվածքներով երկրներից, (ինչպիսին է, օրինակ, Նեպալը):

Բացի այդ, ծխախոտային արդյունաբերությունը ամեն կերպ փորձում էր լարել միջգերատեսչական հարաբերությունները տարբեր նախարարությունների միջև, որն իրենց, ինչպես և մյուս երկրներում, այդպես էլ չհաջողվեց:

Ծխախոտային արդյունաբերությունը տարիներ շարունակ բազմիցս միջամտել է Հայաստանում ծխախոտի կիրառումը կարգավորող համապարփակ օրենսդրության մշակմանը: Ցայսօր, այդ բոլոր գործողությունները հասել են իրենց նպատակին և Հայաստանի բնակչությունը զրկվել է օրենսդրական պաշտպանությունից:

Քաղաքական հստակ կամքի շնորհիվ Հայաստանն այսօր կանգնած է քաղաքակիրթ երկրների շարքին միանալու շեմին: Սակայն մեծ հարց է, թե ինչպես կկարողանան հասարակական կազմակերպությունները և առողջ կյանքի ջատագովները միավորել իրենց ուժերը դիմակայելու արդյունաբերության ֆինանսական հզորությանը:

Հաղթելո՞ւ է քաղաքացու առողջ կյանք ունենալու իրավունքը, թե՞ արդյունաբերության շանտաժն ու շահագրգռումը, ցույց կտան Ազգային ժողովի նոր «ծխախոտային» օրինագծի մոտակա քննարկումները:

Հայաստանում այսօր ծխում է ամեն երկրորդ տղամարդը: Նոր օրենսդրությունը թույլ է տալիս զգալի նվազեցնել ծխողների թիվը, փրկել բազմաթիվ կյանքեր և խնայել պետական միջոցներ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել