ԱՆ-ն Մարալիկի ծննդատան փակումը պայմանավորում է առաջացող հնարավոր բարդությունների կանխարգելմամբ |armenpress.am|
11:21 - 10 հունվարի, 2020

ԱՆ-ն Մարալիկի ծննդատան փակումը պայմանավորում է առաջացող հնարավոր բարդությունների կանխարգելմամբ |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ առողջապահության նախարարությունը Մարալիկի առողջության կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի ֆինանսավորումը դադարեցնելը՝ ըստ էության փակումը պայմանավորում է կանանց առողջության անվտանգության ապահովմամբ, մայրական և նորածնային հնարավոր մահերի, բարդությունների կանխարգելմամբ. բուժհաստատությունում չկան անհրաժեշտ որոշակի մասնագետներ:

Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց նախարարության Մայրական և վերականգնողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:

Ավագյանը նախ նշեց՝ դա ոչ թե բաժանմունք փակելու, այլ Մարալիկի առողջության կենտրոնի մանկաբարձական մահճակալների փակելու հարց է: «Այնտեղ բաժանմունք չի եղել, քանի որ բաժանմունքն ունի որոշակի չափանիշներ՝ կադրային հագեցվածություն, սարքավորումային հագեցվածություն ու գործառույթներ: Մարալիկի առողջության կենտրոնը վերջին տարիներին ունենում է 110-ի մոտ, օրինակ 2019-ին 106 ծննդաբերություն, այսինքն շաբաթը 1-2 ծննդաբերություն է լինում այնտեղ:

Չկա պահանջվող կադրային հագեցվածությունը, չկան վիրահատող մանկաբարձ-գինեկոլոգ, անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ, նեոնատոլոգ: Հետևաբար, թողնել մանկաբարձական մահճակալների հետագա ծավալումը, վտանգ է ներկայացնում մայրացող կանանց և նորածինների համար»,-ասաց Ավագյանը:

Նա նշեց՝ ծննդաբերությունից հետո հնարավոր բարդացման պարագայում, եթե վիրահատության անհրաժեշտություն առաջանա, այնտեղ չկա վիրահատող մանկաբարձ- գինեկոլոգ, անեսթեզիոլոգ, նեոնատոլոգ՝ անգամ ամբողջ Մարալիկում: Ավագյանը նշեց՝ եթե նույն պարագայում այդ կինը լինի Ախուրյանի, Գյումրիի, Արթիկի ծննդատանը, կփրկվի, Մարալիկում՝ չի փրկվի:

«Եվ սրա հիմնական նպատակը մայրացող կանանց անվտանգության ապահովումն է: Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ստանալու բարձր որակի մանկաբարձական և առհասարակ բուժօգնություն: Այս պարագայում պետությունը չի կարող ապահովել այդ բարձր որակի պահանջվող բուժօգնությունը, սա է խնդիրը»,-ասաց Ավագյանը:

Նա նույնիսկ բերեց իր բնորոշմամբ ողջամիտ բժշկական կազմակերպությունների օրինակ, որոնք ինքնալուծարվել են, դադարել են մանկաբարձական բուժօգնություն ցուցաբերել և հղիներին ուղղորդել են մոտակա ծննդաբերական բաժանմունքներ՝ անվտանգ ծննդաբերելու համար։ Այդպիսին եղել են Ջերմուկում, Գառնիում, Դսեղում, Մերձավանում: «Մենք դրանով կանխարգելում ենք մայրական և նորածնային մահացությունն ու հիվանդացությունը և այլն»,-ասաց նա ու նկատեց՝ խնդիրը ժողովրդին ճիշտ բացատրելն է:

Նախարարության իրականացրած հետազոտության համաձայն՝ Մարալիկում ծննդաբերում են Մարալիկի և ընդամենը մի քանի գյուղերի կանայք, մոտակա մնացած համայնքերի կանայք՝ Գյումրիում և Արթիկում:

Շիրակի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետին փոխարինող Լեյլի Ասլանյանը նշեց՝ իրենք իրենց հերթին ևս ուսումնասիրել են, թե 17 գյուղերից քանիսն են ծննդաբերել մարզի մյուս բուժհաստատություններում: «2019-ին 149 ծնունդ գրանցվել է մեր մարզի մյուս ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում: Այսինքն՝ մենք այդ պոտենցիալն ունեցել ենք:

Ուսումնասիրել եմ նաև միջհամայնքային տրանսպորտային կապը: Միջհամայնքային տրանսպորտի զարգացած լինելու պատճառով ընդամենը 4-5 գյուղի բնակիչ է սպասարկվում Մարալիկի ծննդօգնության բուժհաստատությունում: Եթե լինեին զարգացած ենթակառուցվածքները, կարծում եմ, այդ 149-ից գոնե կեսը կարող էին սպասարկվել Մարալիկում»,-ասաց նա ու հավելեց՝ արդյունքում ծննդատան՝ չափորոշիչին չհամապատասխանելու խնդիրը չէինք ունենա:

ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանը նախ հստակեցրեց ՝ իրենք չեն կարող մանկաբարձական բաժանմունք փակելու որոշում կայացել: «Մենք կարող ենք ասել, որ որպես մեծ գնորդ, որպես պետական գնորդ ձեզանից ծառայություն չենք գնում, քանի որ կան այսինչ խնդիրները»,-ասաց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, թե Երևանից անհրաժեշտ մասնագետ բժիշկներ Մարալիկի ծննդօգնության բաժանմունք տանելու համար կարող են շահագրգռել բարձր աշխատավարձով՝ ասաց՝ իրենք, ըստ էության, աշխատավարձ չեն տալիս, այլ՝ մատուցած ծառայության դիմաց անում են ֆինանսական փոխհատուցում: «Սկզբունքորեն ֆինանսավորման մեխանիզմի մեջ աշխատավարձի տող դրված չէ, դրված է մատուցած ծառայությունների համար ֆինանսական փոխհատուցում անելը»,-ասաց նա ու հավելեց՝ սակայն այդ տարբերակը ևս կքննարկեն:

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի բնակիչները հունվարի 8-ին առավոտյան փակել էին Գյումրի-Երևան ճանապարհի՝ Մարալիկի հատվածը: Բնակիչների պահանջում են չեղյալ համարել Մարալիկի առողջության կենտրոնի ծննդաբերական բաժանմունքը փակելու որոշումը: Ծննդատունը հունվարից չի ֆինանսավորվում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել