armtimes.com։ Մայիսի 1-ից Հայաստանում ավտոմեքենաների գազի լիցքավորումը կատարվում է բացառապես կիլոգրամով: Ինչպես նշվում է ՀՀ կառավարության առաջարկած եւ խորհրդարանի ընդունած՝ «Հարկային օրենսգրքի» փոփոխություններում, նախաձեռնության նպատակն է՝ պաշտպանել վարորդների իրավունքները եւ ավտոգազի վաճառքը կազմակերպել այնպես, որ սպառողը վճարի այնքան, որքան լիցքավորում է: Սակայն այս ընթացքում սոցցանցերում որոշակի մեկնաբանություններ եղան, թե կիլոգրամով վաճառքին անցում կատարելը բերել է թանկացման:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը ասաց, որ կիլոգրամով վաճառքի փոխվելուց հետո որոշակի հակասական արձագանքներ է լսել. «Բայց հիմնականում, որպեսզի ավելի ճիշտ տեսնեմ իրավիճակը, շատ հաճախ հետեւում եմ ֆեյսբուքյան խմբերի մեկնաբանություններին, որտեղ կարող եմ հստակ ասել 80 տոկոս վարորդների արձագանքը դրական է:

Բայց այնուամենայնիվ ես կարծում եմ, որ այս դրական արձագանքները պետք է ավելի շատանան, քանի որ կիլոգրամի վերափոխումը նոր է եղել ու տնտեսվարողները դեռ գնի մեջ էլ չեն կողմնորոշվել: Ու կան տնտեսվարողներ, ովքեր հնարավորություն ունեն ավելի մատչելի գնով վաճառելու, բայց դեռ գինը չեն իջեցրել: Ընթացքում բնականաբար կլինի մրցակցություն ու մի փոքր էլ կիլոգրամի գինը կիջնի եւ արդեն շատ հիանալի իրավիճակ կլինի»:

Հարցին, թե հստակ հաշվարկներ կային, որ կիլոգրամով փոխելու դեպքում գնի բարձրացում չի կարող լինել, փաստորեն խորանարդ մետրով վաճառելիս խաբե՞լ են մարդկանց, Կոտոլյանը պատասխանեց.

«Նախկինում կային տնտեսվարողներ, ովքեր որ ծրագրային չարաշահումներ էին արել: Այս անցումը արեցին հենց այդ պատճառով, որպեսզի ծրագրային խաբեություն չկարողանան անել: Հիմա սպառողները գազը լցնում են այնքան, որքան որ դրա դիմաց վճարում են, բայց քանի որ գնագոյացման հետ կապված տեսչական մարմինը որեւէ առնչություն չունի այդ առումով զուտ որպես ոչ մասնագետ կարող եմ ասել, որ ընթացքում էլի գինը իջնելու է, քանի որ մրցակցություն է լինելու տնտեսվարողների մեջ: Բնականաբար յուրաքանչյուր տնտեսվարող ցանկանալու է, ավելի շատ հաճախորդ ունենա ու գինը հնարավորինս իջեցնելու է, որպեսզի հնարավորինս գրավիչ լինի»:

Կոտոլյանը նշեց, որ մայիսի 1-ից հետո՝ ինչ անցում է կատարվել գազի կիլոգրամով վաճառքի դեռեւս բողոքներ չի ստացել տեսչական մարմինը. «Մենք զինված սպասում ենք, թե որտեղից բողոք կլինի, որ գնանք ստուգումների: Նախկինում, երբ որ խորանարդ մետրով էր վաճառքն իրականացվում եւ բողոքում էին մարդիկ, որ թելցում է իրականացվում, մենք հնարավորություն չունեինք ստուգելու, արդյոք այդ 10 խորանարդ մետրը, որ լցվել է իրոք 10 խորանարդ մետր է: Կիլոգրամի դեպքում ունենք այդ հնարավորությունը, դրա համար ուրախ սպասում ենք, հենց բողոք լինի կգնանք տեղում կստուգենք»: