Սահմանադրական ճգնաժամը շարունակվում է, քանի դեռ ՍԴ անդամներն այնտեղ են․Կարապետ Բադալյան |lragir.am|
07:12 - 30 հուլիսի, 2019

Սահմանադրական ճգնաժամը շարունակվում է, քանի դեռ ՍԴ անդամներն այնտեղ են․Կարապետ Բադալյան |lragir.am|

lragir.am։ Մեր զրուցակիցն է փաստաբան Կարապետ Բադալյանը։

Պարոն Բադալյան, Հայաստանում փաստաբանական հանրույթը կարծեք թե երկու մասի է բաժանվել դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցնելու հետ կապված։ Նշվում է, որ մեծ փաստաբանական թիմ է ձևավորվում, և շատերը պատրաստակամ են նրան պաշտպանել։ Դուք նո՞ւյնպես կարծում եք, որ սա խայտառակություն է և քաղաքական հետապնդման արդյունք, թե՞ սրանք չափազանցված գնահատականներ են։

Դրանք չափազանցված գնահատականներ են, որովհետև, եթե հիշում եք, ԲԴԽ անդամների մի մասը, մասնավորապես ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեցին, որից հետո Դատավորների ընդհանուր ժողովը իր կազմից ԲԴԽ նոր անդամներ ընտրեցին։ Բացի այդ, ԲԴԽ նախագահ ընտրվեց դատավորների կազմից ընտրված ԲԴԽ անդամներից մեկը։

Այսինքն, կարծես թե, դատավորներն իրենց ինքնիշխանության իրականացման հնարավորություն ստացան։ Սա ավելի շատ դատավորների համայնքի ներքին խնդիրն է, որովհետև իրենք են այդ ԲԴԽ-ն ընտրել, և ԲԴԽ-ն դատական համակարգի բարձրագույն մարմինն է։ Եթե դժգոհելու պատճառ ընդհանրապես ունեն, թող առաջին հերթին իրենց կատարած ընտրությունից դժգոհեն։

Երկրորդ, ենթադրենք դա Դավիթ Գրիգորյանը չէր, այլ մեկ այլ դատավոր էր, որը պաշտոնեական կեղծիքի համար որպես մեղադրյալ պետք է ներգրավվեր։ Ինչպիսի՞ն պետք է լիներ փաստաբանների ու դատավորների արձագանքն այդ դեպքում։ Պետք է ասեին՝ չէ, պետք չէ պաշտոնեական կեղծիքի համար որևէ մեկին մեղադրե՞լ։ Իհարկե, նման բան չէին ասի։ Այսինքն՝ սա ավելի շուտ իրավիճակային արձագանք է, որ փորձում են միավորներ հավաքել զուտ այդ գործի հանրային հնչեղության հաշվին։ Ես այստեղ որևէ բովանդակային բան չեմ տեսնում, որ ինչ-որ խայտառակություն է կամ այս ուր է գնում համակարգը և այլն։ Ոչ, ես նման բան չեմ տեսնում։

Տեսակետ կա, որ հիմա դատական անիշխանություն ու քաոս է՝ հաշվի առնելով ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, հաշվի առնելով իշխանությունների կողմից դատական բարեփոխումների դեռ չիրականացված ծրագիրը։ Հնարավո՞ր է, որ ստեղծված իրավիճակը այդ քաոսի արդյունքն է։

Քաոս չէ։ Այն, որ դատական համակարգն իր տեղում չէ, իր դերը չի կատարում, դրա հետ կապված վեճ չկա, բոլորն ընդունում են։ Այն, որ 50 փաստաբաններ միացել են, դա շատ լավ է, փաստաբանի գործն իրավապաշտպանությունն է։ Թող 100 փաստաբան միանա, դա իրենց գործն է։

Անկախ նրանից՝ 50 թե 100 մարդ կմիանա, դա ոչինչ չի փոխում։ Ուղղակի դատական համակարգն իր հանդեպ վստահությունը կորցրել է շատ վաղուց ու հիմա պետք է վերագտնի իրեն։ Սա այդ վերագտնելու պրոցեսներից մեկն է։ Երբ դատավորներից մեկը պաշտոնեական կեղծիք է կատարել, նրա նկատմամբ պետք է պատասխանատվության միջոցներ կիրառվեն։ Թե՞ պետք է թողնեն, որ նա շարունակի պաշտոնեական կեղծիք կատարել ու անպատիժ մնալ։ Իմ կարծիքով, նրանք, որոնք կողմ են, որ օրենքի իշխանություն լինի, պետք է կողմ լինեն, որ գործընթացը գնա։

Թող գործը դատարան գնա, դատարանն էլ պարզի՝ Դավիթ Գրիգորյանը պաշտոնեական կեղծիք արել է, թե ոչ։ Թե՞ դատավորների գործերը չպետք է գնան դատարան։ Սա խտրական մոտեցում է։ Ինչ է թե նա Քոչարյանի գործն է քննել ու նրան կալանքից ազատել է, գրավ է կիրառել, ուրեմն իր հանդեպ ոչ մի գործ չի՞ կարող լինել։

Նշվում է, որ եթե նա Քոչարյանի գործը քննած դատավորը չլիներ, հաստատ իր նկատմամբ չէր կիրառվի նման մոտեցում։

Ազնիվ չէ այդպես մոտենալը, որովհետև եթե որևէ դատավորի նկատմամբ նման բան բացահայտվեր, ապա հաստատ նա կկանգներ դատարանի առջև։ Խոսքը հանցագործության մասին է, պաշտոնեական կեղծիք է կատարվել։ Այսինքն՝ մենք ուզում ենք դատարան, որտեղ դատավորները պաշտոնեական կեղծի՞ք են կատարում։ Մեր ուզածն այն է, որ մարդկանց օրենք պարտադրող անձինք իրենք ևս ենթարկվեն ու հետևեն օրենքին։ Ուղղակի հիմա պահը բռնել են ու իրենք իրենց PR են անում։

Իսկ ընդհանրապես, դատաիրավական բարեփոխումների քայլերն ինչպե՞ս եք գնահատում։ Արդյոք դրանք ուշացած չեն՝ հաշվի առնելով, որ 1,5 տարի է անցել, բայց մենք դեռ չունենք հանրության վստահությունը վայելող դատական իշխանություն։

Այդ հեղինակազրկումն ու վստահության կորուստը տասնամյակների հետևողական «աշխատանքի» արդյունք է, դա մեկ օրում չի ձևակերպվել։ Այս մեկ տարում, տեսեք, թե ինչքան փոփոխություններ եղան, գործադիր իշխանությունը փոխվեց, ԱԺ ընտրություններ տեղի ունեցան։

Դրանք հսկայական փոփոխություններ են, իսկ դատական համակարգը մեծ, կարևոր համակարգ է, որի փոփոխությունը այդպես միանգամից չի կարող լինել։ Ես չեմ կարծում, որ դա ուշացած է, որովհետև եթե հետևեք օրենսդրական նախաձեռնություններին, որ այս վերջին շրջանում կառավարությունն է անում, ցույց է տալիս, որ հստակ գործողությունների հերթականություն ու տրամաբանություն կա, որը բերելու է դատական համակարգի առողջացման ու բարելավման։ Այդ քայլերն արվում են։

 

Ավելին՝ lragir.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել