Տաթև Հայրապետյանը ԵԽԽՎ-ում ելույթ է ունեցել «Փախստական երեխաների դեմ բռնության և շահագործման դադարեցումը» զեկույցի վերաբերյալ |armenpress.am|
14:37 - 27 հունիսի, 2019

Տաթև Հայրապետյանը ԵԽԽՎ-ում ելույթ է ունեցել «Փախստական երեխաների դեմ բռնության և շահագործման դադարեցումը» զեկույցի վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի պատվիրակության անդամ Տաթև Հայրապետյանը ելույթ է ունեցել «Փախստական երեխաների դեմ բռնության և շահագործման դադարեցումը» վերտառությամբ զեկույցի վերաբերյալ: Հայրապետյանն իր ելույթը հրապարակել է «Ֆեյսբուք»-ի իր էջում, որն էլ ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Հարգելի զեկուցող, տիկնայք և պարոնայք, նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել զեկուցողին հսկայական աշխատանքի համար: Մինչ ես ճամփորդում էի Երևանից Ստրաստբուրգ, ես ավարտեցի Ուորիս Դիրիի՝ «Անապատի ծաղիկը» վերտառությամբ ինքնակենսագրականը: Այս գիրքը շատերիդ ծանոթ կլինի: Ինչու՞ եմ ասում դրա մասին, որովհետև երբեմն մենք կարծում ենք, որ այն խնդիրները, որոնք ուղղակիորեն չեն ազդում մեզ վրա, շատ հեռու են մեզանից: Սակայն, որքան շատ ենք կարդում և բացահայտում աշխարհն, այնքան շատ ենք հասկանում, որ մեր ներդրումը շատ կարևոր է: Այս բանաձևով մենք կարող ենք փոքր ներդրում բերել մեծ խնդրին:

Ինչպես տեսնում եք, ես Հայաստանի նորընտիր խորհրդարանի երիտասարդ ներկայացուցիչ եմ: Ես փոքր երեխա էի, երբ Արցախում պատերազմը բռնկվեց: Ես հեռու էի պատերազմական գոտուց, սակայն շրջափակման և փակ սահմանների հետևանքով ես մեծացա մի իրավիճակում, որտեղ տաք ջրի կամ էլեկտրաէներգիայի առկայությունը մեծագույն շռայլություն էր, իսկ նորմալ ուտելիքի բացակայության մասին ուղղակի կլռեմ: Բայց իմ ապրածը ոչինչ է Արցախի իմ հասակակից հայրենակիցների փորձությունների կողքին, որոնք հենց հակամարտության գոտում էին և մեծանում էին ականների պայթյունների ներքո՝ նկուղային ապաստաններում: Մենք անցել ենք դժոխքի միջով, բայց ես կարծում եմ, որ մեր նպատակը ոչ թե պետք է լինի խնդիրների մասին զուտ խոսելը, այլև համապատասխան լուծումներով հանդես գալը, ուստի անկեղծորեն ես հասկանում եմ այս զեկույցի կարևորությունը:

Երեխաների դեմ բռնությունն անթույլատրելի է: Բայց ցավոք, 21-րդ դարում մենք դեռ առերեսվում ենք այդպիսի դեպքերի հետ. կարդում դրանց մասին գրքերում կամ լսում լուրերում, բայց մենք պետք է համարձակ քայլեր ձեռնարկենք: Մենք պետք է ոչ միայն վավերացնենք կարևոր կոնվենցիաները, այլև հետևենք դրանց իրականացմանը:
Ուստի մենք պետք է կողմ քվեարկենք այս բանաձևին և անենք մեզանից կախվածը դա կյանքի կոչելու համար: Շնորհակալություն»,- ասել է Տաթև Հայրապետյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել