azatutyun.am: Անկարան Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովից (ԵԽԽՎ) պահանջում է վերանայել ադրբեջանական պատվիրակությանը Վեհաժողովի աշխատանքներից հեռացնելու որոշումը՝ պնդելով, թե ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևը «կխոչընդոտի տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանն ուղղված ջանքերին»։
«Թուրքիան ԵԽԽՎ-ին կոչ է անում հնարավորինս արագ անդրադառնալ այս սխալին և կենտրոնանալ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերի վրա», - ասված է Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունվարի 24-ին որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները, և պատվիրակությունն առնվազն մեկ տարով վտարվեց Վեհաժողովից:
ԵԽԽՎ-ն իր այդ աննախադեպ որոշման հիմքում մի շարք պատճառներ է թվարկել՝ Լաչինի միջանցքի արգելափակումն ու դրա լրջագույն հետևանքները, որոնք հանգեցրին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանմանը, ինչպես նաև Ադրբեջանի ժողովրդավարական խնդիրները՝ քաղբանտարկյալների աճող թիվը, ընտրությունների, կառավարման համակարգի, դատարանների անկախության առնչությամբ և ընդհանուր առմամբ՝ օրենքի գերակայության հետ կապված մտահոգությունները:
comment.count (0)