armtimes.com: Դատական համակարգում սկսվում է առողջացման, եռափուլ գործընթաց: Այլ երկրների փորձը հաշվի առնելով Հայաստանն առաջ է գնում հանդարտ, վստահ, վճռական քայլերով:  Այս մասին այսօր Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Զրույցի ընթացքում նաև հստակեցվեց, թե ով է այն սուբյեկտը, որի նկատմամբ կարող է առաջանալ ապօրինի գույքի բռնագանձման պահանջ, ինչ հանգամանքներում, և ինչ հիմքերով:

Նախարարն ընդգծեց, որ խոսակցությունները, թե արտագնա աշխատանքի ընթացքում մարդկանց ձեռք բերած գույքը կամ գումարը, որը հայտարարագրված չի եղել, կարող է հայտնվել այս օրենքի շրջանակներում, անհիմն են: Խոսքը պետական բարձրաստիճան պաշտոնյաների մասին է :

«Գործընթաց կսկսվի այն դեպքում, եթե կաշառք տալու, կաշառք ստանալու, փողերի լվացման որևէ գործով օրինակ, անձին մեղադրանք առաջադրվի, և  նրան ենթադրյալ պատկանող ապօրինի ծագում ունեցող գույքի չափը վարույթը նախաձեռնելու պահին չհիմնավորվի իր օրինական եկամուտներով 50 մլն և ավելի դրամով: Այսինքն ինչ-որ պաշտոնատար անձին փողերի լվացման համար առաջադրվի մեղադրանք, և տվյալ քրեական գործով երևա, որ անձն իրականացրել է փողերի լվացում, որը 100.000 դոլարը գերազանցում է, ունի էլի անշարժ գույք, արժեթղթեր մեծ թվով սեփականություն և այլն, որոնք որևէ կերպ օրինական եկամուտներով չեն հիմնավորվում, նույնիսկ միլիարդավոր դրամների ծավալով չի հիմնավորվում այդ գույքը: Ուսումնասիրությունը սկսվում է հենց այդ գույքի մասով»,-մանրամասնեց նախարարը:

Տվյալ պարագայում անձին կառաջարկվի ներկայացնել հայտարարագիր, կամ փաստաթղթեր, որով կարող է հերքվել առկա գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը: Եվ, եթե չի հերքվում, կարող է նաև քաղաքացիական հայց ներկայացվել դատարան, հաշտության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու համար:

Սա ենթադրում է, որ տվյալ անձը  պարտավոր է իրեն փաստացի պատկանող ամբողջ գույքը հայտարարագրել, այդ թվում արտասահմանում գտնվող գույքը, բանկային հաշիվները: Եվ դրա նվազագույնը՝ 75, երբեմն նաև 100 տոկոսը փոխանցի պետությանը: Սա, ըստ Ռուստամ Բադասյանի, քրեական գործի ընթացքի վրա չի ազդելու:

«Մի կողմից պետք է հակակոռուպցիոն քրեական գործերը գնան առաջ, երկրորդ, լուրջ հետաքննություն պետք է տեղի ունենա: Պետք է արձանագրել, որ գույքի վերադարձը երևէ կերպ ազդեցություն չի ունենա քրեական վարույթի վրա, եթե այն կա հընթացս: Այսինքն քրեական պատասխանատվությունը առանձին թեմա է, ապօրինի գույքի վերադարձը՝ առանձին»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Եթե անձը պաշտոնատար անձ չէ, կան դեպքեր, որ նրա նկատմամբ կարող է ապօրինի գույքի բռնագանձման պահանջ ծագել: Հիմնական ազդակներն, ըստ Արդարադատության նախարարի, թրաֆիքինգի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, քրեական ենթամշակույթի հետ կապված հոդվածների առկայությունն է:

Զրույցի ընթացքում նախարար Բադասյանը տեղեկացրեց նաև, որ առաջիկա օրերին ապօրինի գույքի բռնագանձման հայցերի սպասել պետք չէ: Դրանք հավանաբար կլինեն 2021 թվականի ընթացքում: