Թուրքիան նախատեսում է հունիսի կեսից օտարերկրյա զբոսաշրջիկներ ընդունել
 |news.am|
21:24 - 16 մայիսի, 2020

Թուրքիան նախատեսում է հունիսի կեսից օտարերկրյա զբոսաշրջիկներ ընդունել |news.am|

news.am: Թուրքիան նախատեսում է հունիսի կեսից օտարերկրյա զբոսաշրջիկներ ընդունել, առաջին հյուրերը սպասվում են Չինաստանից, Հարավային Կորեայից եւ ասիական այլ երկրներից, հայտարարել է հանրապետության մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հունիսի կեսից, մենք կարծում ենք, որ որոշ երկրներից միջազգային զբոսաշրջությունը կվերսկսվի: Կարծես թե դա կլինի Չինաստանը, Հարավային Կորեան եւ այս տարածաշրջանի այլ երկրներ: Միաժամանակ, կարծում եմ, որ կսկսվեն կանոնավոր միջազգային թռիչքներ աշխարհի շատ կետեր»,- NTV հեռուստաալիքի եթերում ասել է Էրսոյը:

Նա նշել է, որ երկրում ներքին զբոսաշրջությունը կարող է վերսկսվել մայիսի 28-ին՝ մահմեդականների համար Ռամադանի սուրբ ամսվա ավարտին: «Ներքին չվերթները կարող են վերսկսվել մայիսի վերջին, եթե հասարակությունը ուշադիր հետեւի սանիտարական անվտանգության միջոցառումներին, եւ եթե կորոնավիրուսի տարածման վերաբերյալ տվյալները շարունակեն նվազել: Մենք չենք փակել հյուրանոցները, նրանք ստիպված են եղել փակվել այն պատճառով, որ ավիափոխադրումները դադարեցվել են, եւ համավարակի հետ կապված այլ սահմանափակումներ են մտցվել»,- ասել է նախարարը:

Նա նշել է, որ թուրքական իշխանությունները մշակել են հյուրանոցների արտոնագրման մանրամասն ծրագիր` սանիտարահիգիենիկ անվտանգության առումով: «Սա առաջին նման փորձն է աշխարհում, եւ մեզնից հետո ԵՄ երկրները որոշել են նույն աշխատանքն իրականացնել իրենց մոտ»,- հավելել է Էրսոյը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել