Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է.

 
«Այսօր հանդիպեցի նաև Երևանի մանկապարտեզներին սնունդ մատակարարող կազմակերպությունների ներկայացուցիչներին: Մեր պարտադիր պահանջն է, որ մատակարարող մեքենաները լինեն պատշաճ ախտահանված, իսկ աշխատակիցներն էլ ունենան համապատասխան հանդերձանք և կրեն պաշտպանիչ միջոցներ:

Սննդի հիմնական ընդունումը պետք է կատարվի շինություններից դուրս՝ խստագույնս պահպանելով անվտանգության կանոնները: Եթե, այնուամենայնիվ, անհրաժեշտություն կառաջանա, որպեսզի մատակարարը մտնի պահեստային տարածք, ապա դա պետք է կազմակերպվի բոլոր կանոններին հետևելով:

Մատակարարների հետ քննարկեցինք նաև որոշ սննդատեսակների փաթեթավորման փոփոխությունները՝ բարձրացնելով դրանց անվտանգությունը: Երեխաների առողջապահական անվտանգության հարցը մեծապես կախված է նաև սննդից: Պետք է կարողանանք ամեն ինչ անել, որպեսզի հնարավորին բացառենք համավարակի ներթափանցումը մանկապարտեզներ: Այն մատակարարները, որոնք կխախտեն պահանջները, նրանց հետ մենք այլևս անելիք չենք ունենա:

Մանկապարտեզներում նախապատրաստական աշխատանքներին և ձեռնարկված միջոցառումներին կհետևեմ նաև անակնկալ ստուգայցերով»: