armenpress.am: Հայաստանում սննդի արտադրամասերում լինում են վարակման դեպքեր, սակայն արտադրվող սննդի միջոցով վարակի փոխանցման հավանականությունը մոտ է զրոյի: Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցերին, թե սննդի արտադրամասերում եղե՞լ են վարակման դեպքեր, հիվանդ մարդու պատրաստած սննդի միջոցով հնարավո՞ր է վարակի փոխանցում, և թե դեպքերի աճը որքանո՞վ է պայմանավորված նաև այս գործոնով:

«Սննդի արտադրամասում վարակման դեպքեր եղել են և շարունակվում են: Մենք ամեն կոնկրետ արտադրամասում գործողություններ ենք իրականացնում՝ շփման շրջանակները պարզելու և մեկուսացնելու համար: Սննդի արտադրամասերում արտադրվող սննդի միջոցով վարակի տարածման հավանականությունը մոտ է զրոյին: Եվ ես ոչ մի կերպ չեմ պայմանավորում նման դեպքերով վարակի աճի տեմպերը»,-ասաց Թորոսյանը:
Նախարարի խոսքով՝ սա կոնսենսուսային կարծիք է միջազգային հանրային առողջության մասնագետների և համաճարակաբանների մոտ, որ վարակի փոխանցման նման տարբերակ պարզապես չկա: 

Հայաստանում մայիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5606 դեպք, որոնցից 2581-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2928 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  45 822 թեստավորում: Մահացել է 70 մարդ։