Հրայր Թովմասյանը չէր ստացել մեղադրական եզրակացության պատճենը․ նիստը հետաձգվեց |shantnews.am|
14:06 - 24 օգոստոսի, 2020

Հրայր Թովմասյանը չէր ստացել մեղադրական եզրակացության պատճենը․ նիստը հետաձգվեց |shantnews.am|

shantnews.am: Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի և նրա սանիկի՝ Նորայր Փանոսյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց։ Դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ դատական նիստն ներկայացել էին բոլոր կողմերը։

Նիստի հետաձգման պատճառն այն էր, որ Հրայր Թովմասյանը չէր ստացել մեղադրական եզրակացության պատճենը։ Հենց դատարանում պետական մեղադրողը  Թովմասյանին փոխանցեց ամբողջ մեղադրական եզրակացությունը։ Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց սեպտեմբերի 7-ին։

Հիշեցնենք՝ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նորայր Փանոսյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Ըստ քրեական գործի նյութերի՝ Հրայր Թովմասյանն, ի պաշտոնե տեղեկացված լինելով «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված իրավակարգավորման և 2 նոտարների կողմից երկար տարիներ իրենց գործունեության վայրը հանդիսացող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունք ունենալու հանգամանքի մասին, պատասխանատու լինելով նոտարական գործունեության ապահովման համար, 2012-2013թթ. ընթացքում, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, նշված տարածքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու շահադիտական դրդումներով՝ ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան տեսչության պետ, իր հետ քավոր-սանիկական փոխհարաբերությունների մեջ գտնվող անձի հետ հանցակցությամբ, օգտագործելով նոտարների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորությունները, մասնագիտական գործունեությանը միջամտելու, աշխատանքից ազատելու սպառնալիքով խոչընդոտել է նոտարների կողմից նշված հասցեում գտնվող տարածքի անհատույց օգտագործման իրենց իրավունքից դատական կարգով օգտվելու գործընթացին: Այնուհետև, հիշյալ տարածքի նկատմամբ իր՝ փաստացի տիրապետման, տնօրինման և օգտագործման իրավունքը քողարկելու անձնական մղումներից ելնելով՝  Թովմասյանն այլ անձի անվամբ ձեռք է բերել այն:

Նշենք նաև, որ թե՛  Թովմասյանը, և թե՛  Փանոսյանը  չեն ընդունում մեղադրանքը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել